Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո մինչև հիմա մենք տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների և գերիների հարցով․ Գեղամ Ստեփանյան

ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները: Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Կառավարության դիմաց են 2023թ․ սեպտեմբերի պատերազմի, Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց, հաստատված գերիների հարազատները, ինչպես նաև անձինք, ում հարազատները զոհվել և հուղարկավորվել են Արցախում:

Նա նշեց, որ տևական ժամանակ աշխատանքներ են տարվել, խնդիր է բարձրացվել՝ արտաշիրիմում իրականացնելու և աճյունները ՀՀ տեղափոխելու համար։

Ստեփանյանը տեղեկացրեց, որ որոշակի առումով կար ձևավորված խողովակ՝ պետական կառույցների հետ աշխատանքի առումով, մասնավորապես, գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, որը ղեկավարում էր ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանը։

«Հարազատներն ունեցել են հնարավորություն՝ տարբեր առիթներով հանդիպումներ ունենալու, ստացել հավաստիացում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, փորձում են որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց Արմեն Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված՝ մինչև հիմա տեղեկացված չենք, թե ով է զբաղվում այդ հարցով, կամ արդյոք որևէ մեկը զբաղվում է, թե ոչ, և արդյոք կառավարությունը պլանավորում է որևէ պաշտոնյա կամ որևէ պետական մարմին էս ուղղությամբ նշանակելու կամ հանձնարարելու, որ շարունակեն։

Լավագույն տարբերակն այն կլինի, որ ձևավորված խողովակները և աշխատանքի փորձը շարունակվի՝ այդ թվում նաև պարոն Աբազյանի ներգրավվածությամբ, որովհետև, ի վերջո, այդ մարդն է, որ մինչև հիմա զբաղվել է այդ հարցով և ծնողների մոտ կա համոզմունքը, որ ճիշտ տարբերակն այն կլինի, որ որևէ դիրքում կամ որևէ լիազորությունների շրջանակներում նրա միջոցով այդ աշխատանքները շարունակվեն»,- նշեց Ստեփանյանը:

Նա նշեց, որ իրենց տեղեկություններով ԱԱԾ նոր տնօրենն այդ մասով որևէ հստակ տեղեկացվածություն չունի և որևէ աշխատանք չի կատարում։

Ստեփանյանը նշեց, որ հարազատների անունից նամակ է փոխանցվելու Կառավարությանը, ինչպես նաև ԱԱԾ ղեկավարությանը՝ պահանջով, որ այս խողովակը վերականգնվի, և տեսանելի արդյունքներ լինեն, որ աշխատանքներ են իրականացվում:

5 հոգուց բաղկացած խումբը մտնելու է ՀՀ կառավարության շենք նամակը փոխանցելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև