civilnet.am Ամիսներ առաջ «Ազատություն» ռադիոկայանը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված հեռագրերի հիման վրա լայնածավալ նյութ էր պատրաստվել, որում նկարագրվում էր, թե ինչպես էին Ադրբեջանն ու Հայաստանը 1999-ին ու 2000-ին բանակցում Մեղրին Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի շրջանի հետ փոխանակման ծրագրի շուրջ, որը ղարաբաղյան կարգավորման պատմության մեջ մնացել է որպես տարածքների փոխանակման տարբերակ։
Այս տարբերակի շուրջ բանակցությունները կողմերի միջև սկսվել էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներին։ 1999-ի ընթացքում Քոչարյանն ու Ալիևը երկկողմ մի շարք հանդիպումներ են անցկացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին և նույն տարվա աշնանը արդեն շատ մոտ էին համաձայնությանը։
Այնուամենայնիվ, 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի արդյունքում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ու վեց այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարածքների փոխանակման շուրջ բանակցությունները փակուղի մտան։ Ազատության հոդվածում ներառված դիվանագիտական հեռագրերը ցույց են տալիս, որ Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը արևմտյան դիվանագետների հետ իր շփումներում նշում էր, որ ներքաղաքական անկայունության պայմաններում դժվար է լինելու կյանքի կոչել այդօրինակ պայմանավորվածություններ, մտահոգություն էր հայտնում Իրանի հետ սահմանը կորցնելու վերաբերյալ, ինչպես նաև հավելյալ պահանջներ էր առաջ քաշում պայմանագիրը կնքելու համար, օրինակ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Ժամանակագրային առումով Ազատության նյութի մեջ ներառված վերջին հեռագիրը 2000 թվականի մարտից էր։ Այդ ժամանակահատվածին հաջորդած շրջանում տեղի ունեցած գործընթացները, ինչպես նաև բանակցային բովանդակության տրանսֆորմացիան հասկանալու համար, անշուշտ, հավելյալ գաղտնազերծված փաստաթղթեր են պետք։ Այդպիսի փաստաթղթերից մեկը օրերս հրապարակել է ամերիկյան «Ազգային անվտանգության արխիվ» (National Security Archive) հետազոտական կենտրոնը, որը տեղակայված է Ջորջ Վաշինգտոն համալսարանի տարածքում։
Կենտրոնը, մասնավորապես, հրապարակել է 2000 թվականի հունիսի 4-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի գլխավորած պատվիրակության ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման գաղտնազերծված սղագրությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացին։
Հետաքրքրական է, որ Պուտինը, հանդիպման մեկնարկին օրակարգ է ներկայացնում, որի մեջ հայ-ադրբեջանական բանակցությունների թեման ներառված չէր։ Քլինթոնը, արձագանքելով Ռուսաստանի նախագահի խոսքին, առաջարկում է քննարկվող հարցերի ցանկին ավելացնել նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Նա մի շարք հետաքրքրական պնդումներ է անում այդ թեմայով, մասնավորապես, նշելով.
«Որոշները կարող են կարծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական հակամարտությունը նպաստում է Ռուսաստանի ազդեցության պահպանմանը։ Սակայն իրականում Ռուսաստանի սահմաններին անկայունությունը վտանգավոր է։ Կարգավորումը կհեշտացնի հաշտեցումը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչը նույնպես լավ կլինի Ռուսաստանի համար։ Մենք երկար ժամանակ աշխատել ենք Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ նման կարգավորման հասնելու համար, սակայն մեր լծակները բավարար չէին գործընթացն առաջ տանելու համար։ Անհրաժեշտ է ձեր օգնությունը»։
Քլինթոնը հայտնում է Պուտինին, որ Քոչարյանը հակված չէ Ալիևի հետ մշակված կարգավորման պլանը կյանքի կոչել՝ ցանկանալով պահպանել Իրանի հետ սահմանը։ Նա հավելում է․ «Միգուցե հատուկ պայմանավորվածություններ կարող են գտնվել, ներառյալ՝ էստակադաներ կամ անվտանգ միջանցքներ»։
Արձագանքելով Քլինթոնի խոսքին՝ Պուտինը նշում է, որ կարգավորման այդ պլանի մասին առաջին անգամ լսել է Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ, և իր սկզբնական արձագանքը շատ դրական էր։ Նա հայտնում է նաև, որ Ռուսաստանը օգտագործել է իր ազդեցությունը Հայաստանի բանակում ու ինստիտուտներում՝ կարգավորմանը նպաստելու համար, բայց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը արգելափակել է առաջընթացը։ Ռուսաստանի նախագահը նշում է, որ Ալիևը, կարծես, մտածում է, որ հակամարտության կարգավորումը իրեն պատմության մեջ տեղ կապահովի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։