Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին առնչվող մի շարք պետական ծառայություններ այսուհետև հասանելի են ամբողջությամբ առցանց՝ https://nature.e-gov.am/hy/ միասնական հարթակի միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նախարարի խոսքով՝ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու և կազմակերպության ստանալ անհրաժեշտ թույլտվություններ և ներկայացնել հայտեր առանց որևէ պետական կառույց այցելելու։
Հարթակում հասանելի են հետևյալ ծառայությունները․
- Սիրողական ձկնորսության թույլտվություն,
- Ջրօգտագործման թույլտվություն,
- Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (իրավաբանական անձանց համար),
- Սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն,
- Այլ բնապահպանական հայտերի ներկայացում։
Համակարգը կապակցված է պետական շտեմարաններին, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ բացառել ավելորդ փաստաթղթաշրջանառությունը։
«Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է բնապահպանական կառավարման արդիականացման և թվային պետական ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Այն միաժամանակ ապահովում է թափանցիկություն, արդյունավետություն և քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմաններ»,- գրել է Մաթևոսյանը։