Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը «իսկապես հակամարտության ավարտ է, պատերազմի ավարտ է»։
«Խաղաղության համաձայնագիրը ֆորմալ առումով չի ստորագրվել մեկ պատճառով. Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակում է լինել մի իրավիճակ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որքանով հասկանում ենք, նրանք փոփոխություն կանեն։ Եվ հենց սահմանադրական այդ փոփոխությունն արվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը:
Մենք գիտենք, որ եկող տարվա ամռանը այնտեղ խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել ավելի վաղ համաձայնեցված հարցերը»,- ասել է նա:
Ըստ Ալիևի՝ դա կվնասի հենց Հայաստանին. «Որովհետև անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի առաջնորդի անունից։
Եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, և նրանք հետ կանգնեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ամբողջ միջազգային հանրությունն է աջակցել այս գործընթացին, այդ թվում՝ ԵՄ-ն և Թուրքիան, մեր ընկերները արաբական երկրներից:
Ադրբեջանի նախագահը նշել է, թե հենց դրա համար իրենք դրական են տրամադրված:
«Այդ համաձայնության խախտումը կնշանակի դեմ գնալ ամբողջ աշխարհին։ Եվ ինչ կշահեն նրանք դրանի՞ց։ Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, Հայաստանի համար խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է»,- ասել է Ալիևը:
Ալիևն այն կարծիքին է, որ Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ նրանից՝ երբ կգա իշխանության, չպիտի կասկածի տակ դնի այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում.
«Հակառակ դեպքում Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում ուժերի բալանսը բացարձակապես ի շահ մեզ է բոլոր առումներով»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ […] «եթե Հայաստանը դադարի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նույն կերպ կվարվենք նրանց տարածքային ամբողջականության հետ»։