Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են նաև ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Արտգործնախարարի պնդմամբ՝ երթուղին 99 տարով վարձակալության տալու մասին խոսակցությունները առայժմ իրականությանը չեն համապատասխանում.
«Ինչու եմ ասում առայժմ, որովհետև այն, ինչ հստակ է, գրված-հրապարակված է, մնացած մանրամասները դեռ պետք է քննարկվեն»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ հողի սեփականության հարցը չի կարող վիճարկվել։
Ըստ Միրզոյանի՝ երկրները հիմա ամեն ինչ անում են, որ իրենց տարածքով անցնեն տարանցիկ ճանապարհներ, երկաթուղիներ, գազամուղներ, մալուխներ, դրա համար թաքնված և անթաքույց մրցակցություն կա աշխարհում։
«Հիմա մենք հնարավորություն ունենք դրա մի մասը լինելու։ Մեզ պետք է, որ այդ բոլորը լինեն մեր տարածքում. տնտեսապես դա շահավետ է, և մենք էլ կարողանալու ենք օգտվել հարևաններից։
Երկրորդ՝ դրանք և դրանց վերաբացումը, կառուցումը մեզ համար շատ լուրջ, ավելի լուրջ քան ռազմական առումով, անվտանգային երաշխիք են։ Դրանք աշխարհում անվտանգային երաշխիք են, այնպես որ ամեն ինչ էլ կարող է լինել՝ և երկաթգիծ, և գազամուղ, ուղղակի յուրաքանչյուրի համար պետք է պայմաններ բանակցվեն»,- նկատեց նախարարը։
Խոսելով Հայաստանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ինքնիշխան տարածքների վերադարձի մասին, ԱԳ նախարարն ասել է.
«ՀՀ սուվերեն տարածքներ կան, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, և նույն տրամաբանությամբ, նույն իրավական հիմքով, նույն քարտեզներով կան Ադրբեջանի տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են։ Մենք ունենք ըմբռնում, որ այս տարածքների վերադարձը պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացի շրջանակում։ Ես խոսում եմ բոլոր տարածքների մասին»։