Ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը կապ չունի ոչ ՀՀ-ի, ոչ ՀՀ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ։
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա էն իրավիճակն ա, որ մենք էդ թեմայի հետ պետք ա առերեսվենք, հասկանանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր իրականության, մեր պետության շահերի եւ ժողովրդի շահերի հետ ընդհանրապես որեւէ կապ չունի, մենք ուզում ե՞նք որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի ուղղակի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտած ինչ-որ մի բան, ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին էսպիսի կարգավիճակի մեջ լդնենք, մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա»,- նշեց նա:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների և հույների նկատմամբ 20-րդ դարի սկզբում:
Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչ ենք մենք ստացել նրանից, որ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. «Այսինքն՝ մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առեւտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տալն ա ուրիշների՞ն»։
Նա հայտնեց, որ շատ միջազգային գործընկերների հետ խոսել է թեմայի մասին, փորձել է հասկանալ՝ որոշ երկրներում ինչու են ճանաչում Ցեղասպանությունը:
«Երկրների ղեկավարներին էլ եմ ասել, ակնհայտ է, որ էդ մոտիվացիան ընդամենը ընտրություններում 3000-10000-50 կամ 100 հազար ձայն ավել ստանալն ա, էդ էլ ոչ մի կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ»,- ասաց նա:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը: