Անձը բանկի՝ քաղաքացիների սպասարկման դրամարկղից փորձել է հափշտակել մոտ 393 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Մ․-ն 2025 թվականի հուլիսի 15-ին մտել է բանկի տարածքում գտնվող քաղաքացիների սպասարկման դրամարկղ և, վերցնելով գետնին դրված, ինկասացման ենթակա առանձնապես խոշոր չափերով` 392 մլն 912 հզր ՀՀ դրամին համարժեք 80 մլն ՌԴ ռուբլով լցված, կապարակնքված պարկը, վազելով դուրս է եկել բանկի շենքից և շարժվել դիմացի մայթին կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։

«Այնուհետև երկու անձ հետապնդել և ավտոմեքենայի մոտ բռնել են Վ․Մ․-ին, ով հափշտակված գումարն իր մոտ պահելու համար արցունքաբեր գազ կիրառելու եղանակով դիտավորյալ ֆիզիկական բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սակայն հանդիպելով դիմադրության, թողել է գումարով պարկն ու դիմել փախուստի։

Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակության փորձը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter