factor.am Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ hանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։
Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել գործընթացին։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ էլ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել SOCAR-ի և թուրքական Botas ընկերության միջև համագործակցությանը, մասնավորապես, նշվել է Կատարի ֆինանսական աջակցությամբ Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի մատակարարման կարևորությունը։ Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման հարցերը այլ երկրներում, ընդգծվել է մի քանի օր առաջ կայացած Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության կարևորությունը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի շրջանում իրականացվող երկաթուղային նախագծերի վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, և մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում, հաղորդում է ադրբեջանական կողմը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի