civilnet.am ԵԱՀԿ գործող նախագահը՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը, և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինրլիօղլուն ողջունել են նախարարների խորհրդի որոշումը՝ փակել Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի. այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում։
«Կրկին ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ պատմական համաձայնությունների, ինչպես նաև դրանց անհապաղ իրականացման վճռական որոշման համար։ Ես անհապաղ արձագանքել եմ նրանց համատեղ դիմումին և ցանկանում եմ անկեղծ գնահատանքս հայտնել կողմերին՝ գործընթացում ցուցաբերած հրաշալի համագործակցության համար։ Կցանկանայի նաև շեշտել մասնակից պետությունների համախմբվածությունը, որն ապահովեց այս կոնսենսուսին հասնելը», – ասել է նախարար Վալտոնեն։
Այս որոշումը հետևում է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրին, որի վկան էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախարարների խորհրդի որոշումը ընդունվել է ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։