«Ինչ բեռ հելել ա առանց մաքսազերծման, հելել ա իրանց ներքին խոհանոցով»․ առևտրական

Բագրատաշենի մաքսատանը մի քանի օր է՝ լարված իրավիճակ է։ Առևտրականները պնդում են, որ Սահմանապահ զորքերի աշխատակիցները 5–րդ օրը շարունակ իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։

Պատճառաբանությունն այն է, որ առևտրականները մայիսի 18–ին Թուրքիայից 3 տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք մաքսատանը խառնվել են իրար։

Առևտրականները բողոքում են, թե 5 օր է՝ չեն կարողանում ապացուցել՝ բեռներից որը ումն է, իսկ մաքսակետի աշխատակիցները հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձել։

«Մեր ընկերների բեռը, որը հասանելի ա եղել, մենք ինչի՞ պիտի մաքսազերծենք։ Էդ գալիս ա նրանից, որ մենք ունենք շատ կանտրաբանդայի տղաներ, որոնց կոռուպցիան շատ լավ աշխատում ա։ Էս պահի դրությամբ էդ կանտրաբանդայի տղաներին ասում ենք՝ մեր գումարները հետ տվեք, ռաստամոժկեն անենք, որովհետև ինչ բեռ հելել ա առանց մաքսազերծման, հելել ա իրանց  իրավունքով, իրանց ներքին խոհանոցով»,- ասաց առևտրականներից մեկը։

Հարցին՝ ինչ գումար ունեք, որ չեն տալիս, նա պատասխանեց․ «Իրանք լավ գիտեն, երբ որ իրանց կբերեն, բերման կենթարկեն, մեզ էլ կկանչեն առերեսման, էն ժամանակ թվերի մասին իրանց ներկայությամբ կխոսենք»։

Հարցին՝ այսինքն՝ Դուք ներքին կարգով վճարե՞լ եք, աշխատակիցը պատասխանեց՝ այո։

«Ասեմ ձեզ՝ ահնար ա՝ իրանց հետ չաշխատես։ Եթե իրանց գումար չտաս, իրանք չեն թողնի՝ էս մաքսակետ մտնես։ Անհնար ա։ Եվ ասում եմ՝ իրանց ղեկավարն ա Էդգարը»։

Ցուցարարներից մյուսն էլ ասաց․ «Մենք էլ կաշկեքով ենք բերում, ի՞նչ անենք, իրանց չենք վճարում՝ մեզ էլ չեն թողնում ապրանք անցկացնենք»։

Նշեցին, որ իրենք օրինական մուծումներն էլ են կատարել, բոլոր չեկերն ունեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն