Կարճևանի բնակիչները Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ բողոքի ակցիա են իրականացնում |hetq.am|

hetq.am։ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գյուղում՝ ընդդեմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի։

Ինչպես  հայտնեց բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Մարիամ Աբրահամյանը, բնակիչները կոմբինատի ղեկավարությունից պահանջում են գործունեությունը ծավալել՝ բնապահպանական նորմերը պահպանելով։ Փաստաբանի խոսքով՝ կոմբինատի շահագործման ընթացքում արտանետված նյութերը վնասում են գյուղացիների այգիները, նրանց բերքը փչանում է։

Բացի այդ, բնակիչները բողոքում են կոմբինատի՝ իրենց վրա ունեցած ազդեցությունից։ Ըստ փաստաբանի՝ նրանք պարտադրված շնչում են արտանետված փոշին, խմում կեղտոտված ջուր։

«Բնակիչները ընդամենը ցանկանում են, որ կոմբինատն օրենքի պահանջների պահպանմամբ աշխատի և շրջակա միջավայրը չվնասի»,- ասաց Մարիամ Աբրահամյանը։

Փաստաբանը նաև նշեց, որ Կարճևանի բնակիչները 2012 թվականից բազմիցս դիմել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին՝ պահանջելով գործունեություն ծավալել բնապահպանական նորմերը պահպանելով, չվնասելով իրենց այգիները, իսկ պատճառված վնասը վերականգնել։ Սակայն, ըստ Մարիամ Աբրահամյանի, կոմբինատից հայտնում են՝ բնակիչները պետք է ապացուցեն, որ իրենց գործունեությունը վնասում է տեղի այգիները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն