tert.am: Սփյուռքի նախարարությունը մշակում է «Օջախ» անունը կրող պիլոտային ծրագիրը, որը միտված է օգնել հայրենադարձներին ու վերադարձողներին սուբսիդավորված վարկերով բնակարան գնել Հայաստանում: Այս մասին ասաց Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը գործելու է բալային համակարգով՝ կախված մեկ ընտանիքից քանի մարդ է ցանկանում վերադառնալ կամ հայրենադարձվել. «Այս ամենի արդյունքում հիփոթեկային վարկի տոկոսադրույքը կնվազեցվի: Սա, ըստ էության, նման է «Բնակարան՝ երիտասարդ ընտանիքների համար» ծրագրին: «Օջախ»-ն արդեն ներկայացվել է նախարարական կոմիտե, անցել է արդեն ժողովրդագրական խորհուրդ, որտեղ պետք է քննարկվի և շուտով ստանա Կառավարության հավանությունը»:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինտեգրացիոն գործընթացն ապահովելու համար՝ հայրենադարձների համար չի լինելու առանձնացված շենքեր. նրանք կարող են բնակարան գնել ցանկացած տեղ:
Բաբկեն Տեր-Գրիգորյանի կարծիքով՝ այսօր Հայաստանն ի զորու է իրականացնել կազմակերպված հայրենադարձություն. «Մենք մշակել ենք հայրենադարձության խթանման ռազմավարություն: Հայրենադարձությունը փուլային երևույթ է և չպետք է դիտարկել միայն այն պահը, երբ մարդիկ գալիս են Հայաստան, այլ պետք է թիրախավորենք տարբեր փուլեր»: