Հայացք համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հեռանկարներին և մարտահրավերներին |hetq.am|

hetq.am։ Ջուլիետա Թադևոսյան

Տ.Գ.Թ, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Տնտեսական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

Համաշխարհային տնտեսության զարգացման վերջին կեսդարյա ուղին վկայում է գլոբալացման և միջազգային տնտեսական ինտեգրման միջև հակասությունների մերթ սրումը, մերթ դրանց միջև ներդաշնակության հաստատումը: Ի սկզբանե համաշխարհային տնտեսության շրջանակներում իրականացվող գլոբալացման գործընթացներն առավել ազդեցիկ էին, տարողունակ, բազմագործոն, բազմաբևեռ:

Ինչպես վկայում է միջազգային փորձը, գլոբալացման արդյունքում որքան երկրների միջև խորացան տնտեսական կապերը, որքան երկրների տնտեսական կյանքն ուղղորդվեց ու կարգավորվեց միջազգային կառույցների կողմից՝ ի դեմս Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, այնքան առավել մեծացավ ազգային տնտեսությունների խոցելիության հավանականությունը:

Բավական է նշել միայն նախորդ դարի կեսերից մինչ այժմ գլոբալացման աճող դերին զուգընթաց (ընդ որում, 1980-ական թվականներից հատկապես ամերիկյան գլոբալացման) պետության դերի աննկարագրելի նվազումն ազգային տնտեսության կարգավորման գործառույթներում:

Ավելին, նույն գլոբալացման հետևանքով աշխարհը դարձավ բազմաբևեռ, հայտնվեցին նոր խաղացողներ, որոնք, ազգային տնտեսական շահերից ելնելով, սկսեցին էլ ավելի կարևորել իրենց երկրների մրցակցային առավելությունների բացահայտմանն ու իրացմանը միտված բազմաբնույթ քայլերը:

Երկբևեռ աշխարհին փոխարինեց եռաբևեռը, իսկ այսօր արդեն հաղթարշավը շարունակում է «Քառյակ»-ը՝ ԱՄՆ-ԵՄ-Ճապոնիա-Չինաստան քառանկյունը: Օրինաչափորեն, 21-րդ դարն աստիճանաբար փոխեց համաշխարհային տնտեսության զարգացման ճարտարապետությունը: Հատկապես վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկրների միջև փոխհարաբերությունները տեղափոխվեցին միանգամայն այլ հարթություն, կրկին կարևորվեց պետության դերակատարումը տնտեսության մեջ, ակտիվորեն սկսեցին կիրառվել տնտեսության կարգավորման պետական լծակները՝ մաքսատուրքեր, հարկեր, լրավճարներ, տոկոսադրույքներ և այլն:

Արդյունքում, համաշխարհային տնտեսության մեջ երկրների միջև փոխհարաբերությունները դարձան առավել ներդաշնակ և մարդակենտրոն:

Արդյունաբերական չորրորդ հեղափոխությամբ պայմանավորված գլոբալացման նոր ալիքը՝ «Գլոբալացում-4»-ը, սկսեց դրսևորվել նոր երանգներով: Եվ ոչ պատահականորեն, միջազգային տնտեսական ինտեգրման ժամանակակից գործընթացների տիրույթում երկրների միջև փոխհամագործակցության հակասություններն ու ներդաշնակությունը սկսեցին դրսևորվել ազգային շահերի, բացառապես տնտեսական շահերի իրացման տեսանկյունից:

Նշյալ իրողությունների տիրույթում հետազոտությունը լրացնենք ռետրոսպեկտիվ մեկ փաստով: Դեռևս նախորդ դարավերջի կեսերից գլոբալացման գործընթացներին սկսեցին հակադրվել միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացները: Կարծես թե միջազգային ինտեգրացիոն միավորումների ստեղծումը ծանրակշիռ արձագանքն էր գլոբալացման նեգատիվ դրսևորումների:

Եվ ընդամենը մի քանի տասնամյակում աշխարհն ականատես եղավ ինտեգրացիոն բազմաթիվ խմբավորումների ձևավորմանը, դրանց ձեռքբերումներին և կորուստներին՝ սկսած 50-ականներին Եվրոպական տնտեսական համագործակցությունից մինչև Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան՝ ԱՍԵԱՆ-ը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը՝ ԱԽՏՀ-ը, Հյուսիս-ամերիկյան ազատ առևտրի ասոցիացիան՝ ՆԱՖՏԱ-ն, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը և այլն:

Ինտեգրացիոն խմբավորումներն առանձնացան և ներկայումս էլ առանձնանում են ինտեգրման տարաբնույթ նախադրյալներով և որ ամենակարևորն է՝ ինտեգրման նպատակներով:

Մի խմբավորման շրջանակներում ինտեգրման հիմնական նախադրյալը երկրների աշխարհագրական մոտիկությունն է և նպատակը՝ հզոր և մրցունակ տնտեսության տեսլականը (ԵՄ), մյուսում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքներով պայմանավորված փոխհամագործակցության խոչընդոտների վերացումը և ակտիվ ձեռնարկատիրական գործունեությունը (ՄԵՐԿՈՍՈՒՐ), մեկ այլ կառույցում՝ տնտեսական աճի նոր մոդելը և երկրի առաջընթաց զարգացումը (ԱՍԵԱՆ), իսկ Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում՝ ԱՊՀ-ում՝ դոմինոյի էֆեկտը և «կարոտախտը»:

Շարունակությունը՝ hetq.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն