«Կարծիքի ազատությունը սուտ խոսելը չէ»․ «Սորոսի» դեմ ակցիաների մասին |epress.am|

epress.am: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը և կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը «Ազատություն» TV-ի հետ զրույցում անդրադարձել են վերջին օրերին իրենց գրասենյակի հարևանությամբ անցկացվող ակցիաներին, որոնք առաջնորդվում են ակտիվիստ, ոստիկանության նախկին աշխատակից Նարեկ Մալյանի կողմից։ «Երբ մեր գործունեության մասին սուտ լուրեր են տարածում, պարտավոր ենք արձագանքել», — նշել է Մինասյանը։

Երկրորդ շաբաթն ընթացող ակցիաների ընթացքում, ըստ գործադիր տնօրենի, վիրավորական հայտարարություններ շատ են արվում։ Բացի դա, խոչընդոտվում է հիմնադրամի աշխատանքը․ «Իհարկե, մենք ընդհանրապես բաց ենք բոլորի համար և ամբողջ օրվա ընթացքում, սակայն հիմա ես ստիպված էի դիմել ոստիկանություն՝ պաշտպանություն խնդրելու և ոչ թե, իհարկե, քրեական գործ հարուցելու, ինչպես ասվում է։ Պաշտպանություն, քանի որ եղել են սպառնալիքներ հիմնադրամի և աշխատողների հանդեպ»։

Ըստ Դավիթ Ամիրյանի՝ իրադարձությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է տարբերություն դնել խաղաղ ցույցի, կարծիքի արտահայտման, խոսքի ազատության և կոչերի ու գործողությունների միջև։

«Մեր հիմնադրամը 20 տարուց ավել Հայաստանում գործում է, և մեր ամենամեծ առաքելություններից մեկը խոսքի արտահայտման, հավաքների ազատության պաշտպանությունն է։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրում այսօր դրա հնարավորությունը կա՝ առանց որևիցե բռնության և խոչընդոտելու, բայց դա չի նշանակում, որ, օրինակ, բռնության կամ հակաօրինական արարքի կամ սպառնալիքի կոչերը կարող են դասվել ազատության շարքին», — ասել է փոխտնօրենը։

«Մենք պատրաստ ենք անել գործողություններ, որոնց համար, շատ լավ գիտակցում ենք, կարող ենք ենթարկվել քրեական պատասխանատվության», ֊ նման հայտարարություն հնչեց առաջին ակցիայից առաջ, որը և ոստիկանություն դիմելու պատճառ դարձավ։

«Կոչերը մի կողմ, բայց, և դա հայաստանյան պռոբլեմ չի, դա մեծ պռոբլեմ է ամբողջ աշխարհում, կարծիքի ազատությունը՝ սուտ խոսելու, սուտ տարածելու, մանիպուլյացիայի արդարացում է դառնում։ Կարծիքը կարող է լինել տարբեր, բայց սուտը տեղ չունի բանական և բարոյական դիսկուրսում», ֊ նկատել է Լարիսա Մինասյանը։ Ստերը բազմաթիվ են, ասում է կազմակերպության ղեկավարը․ «Օրինակ, դեռ ամիսներ առաջ տարածվում էր, որ մենք թիրախավորել ենք Երևանի պետական համալսարանը և ուզում ենք, իրենց գռեհիկ բառերն եմ ասում, դնել մեր մարդուն՝ համալսարանի ռեկտոր, «իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե դնեն, կարող են փակել միջուկային ֆիզիկայի ամբիոնը և թողնել մեր ատոմակայանն առանց մասնագետների»։

Ակնհայտ սուտ է, որ Ջորջ Սորոսը [ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և հեղինակ, աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկը] 50 միլիոն է վերցրել Ալիևից՝ 25֊ը պահել իրեն և 25֊ը տվել ինձ՝ անձնապես։ Չգիտեմ, որ մասն է ավելի ծիծաղելի՝ իրեն պահելը, թե ինձ տալը։ Երևի թե, վերցնելն, ամեն դեպքում։ Նաև հարց է՝ հիմնադրամն Ադրբեջանում փակելուց հետո՞, թե՞ առաջ»։

Որպես պահանջ ակցիաների մասնակիցները նշում են կազմակերպությունը փակելը։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գործում է 1997 թվականից։ Այդ թվից ի վեր 53 միլիոն դոլարի ներդրում է արվել հայաստանյան տարբեր կազմակերպություններում ու ծրագրերում՝ առողջապահականից մինչև կրթական, քրեակատարողականից մինչև խնամքի տներ․ «Հիմնադրամը կատարում է, կատարել է ծրագրեր, հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, արդարադատություն ջատագովելով, հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հիմնադրամը սատարում է կրթական ծրագրերին, կրթության բնագավառին, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների պաշտպանության և իրականացման, մամուլի ազատության»։ Ըստ Մինասյանի՝ հիմնադրամը բարեգործությամբ չի զբաղվում․ դա արվել էր միայն 2009-2011թթ․, երբ Հայաստանը մեծ անկում ապրեց ճգնաժամի տարիներին․ «Այդ ընթացքում մենք ոչ թե որպես հիմնադրամ, բայց, ըստ Ջորջ Սորոսի անձնական նվիրատվության, այնպիսի երկրներում, որոնք մեծ տնտեսական կորուստ էին կրել, հնարավորություն ընձեռնվեց բարեգործությամբ զբաղվել և 4․7 միլիոն ԱՄՆ դոլար, ընդհանուր 65 հազար մարդու հասնելով, կարողացանք ծրագրեր կատարել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն