hetq.am: Արցախում 2 քաղաքացի մեկուսացվել է Շուշիի հիվանդանոցում, դեռևս չկա կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք, երեկ՝ մարտի 16-ին քաղաքացիներից նմուշառում են արել, ուղարկել Երևան՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Թեստի պատասխանը կստանան այսօր՝ օրվա վերջում, մինչ օրս Արցախից Երևան ուղարկվել է 42 փորձանմուշ, նախորդ 40 փորձանմուշների պատասխանները եղել են բացասական։
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը նշեց, որ Արցախի Հանրապետության պետական նախարար, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանից հրահանգ է ստացել սահմանել խիստ հսկողություն, որն իրենից ենթադրում է կասեցնել արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրումը, մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը սահմանափակել պետական կառավարման համակարգի, նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ պարտականություններն իրականացնելով հեռահար տարբերակով, մեկ շաբաթով կասեցնել մանկապարտեզների, կրթական բոլոր հաստատությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ժամկետները կերկարաձգվեն։