ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայկական ջարդերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ

Շուշիի հայկական ջարդերից հարյուր տարի անց հայերս հարգանքի տուրք են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի վճռականությունը։ Այս մասին նշված է Շուշիի հայկական ջարդերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը:

Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը:

Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, հոգևոր և մշակութային մեծ կենտրոն էր:  Աննախադեպ դաժանությամբ իրականացված այս վայրագությունը ղեկավարեց Խոսրով բեկ Սուլթանովը ով հետագայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվ մասնակցություն ունեցավ նացիստական զորքերի շարքում ադրբեջանական լեգիոնի ստեղծման գործում:

Այնուհանդերձ, հրով և սրով Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց և փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը:

Այսօր, այս դեպքերից հարյուր տարի անց մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի վճռականությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով