shantnews.am: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները պնդում են, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակիցներն են եղել իրենց վրա կրակողները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նրանք պնդում էին, որ մինչ կրակոցները, իրենց մոտ 25 րոպե հետապնդել են 20-40 մարդ՝ մեքենաներով։
«Եթե Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ իր կուսակցության 40 հոգին ինչ են անում, ուրեմն թող կուսակցության նախագահությունից էլ դուրս գա, դա իր տեղը չէ, առավել ևս նախագահ է ուզում դառնալ։ Եթե չի տիրապետում իր կուսակցության անդամներին, գրասենյակների ղեկավարներին, էտ ո՞նց հասկանանք։ Բա ո՞ւր ես գնում», – ասաց Բաբայանի համակիրներից Արմենը Մեջլումյանը։
Դեպքի մասին խոսելիս գործիչներն ասացին, որ անմեղության կանխավարկածը չխախտելու համար չեն ներկայացնում փաստեր և կարծում են՝ օբյեկտիվ քննությունը ցույց կտա վիճակը։ Բաբայանի համակիրներից Արամ Հովակիմյանն էլ պնդում է, որ սա քաղաքական հաշվեհարդարի փորձ է եղել, քանի որ Արայիկ Հարությունյանն ու նրա կողմնակիցները չեն ուզում, որ Բաբայանի համակիրները քարոզչություն իրականացնեն, բնակիչների հետ հանդիպումներ ունենան Արցախի հյուսիսում՝ Մարտակերտում։
Նրանց պնդմամբ՝ նախկին վարչապետը վարչական ռեսուրս է կիրառում Բաբայանի համակիրներին խոչընդոտելու համար․ նույնիսկ թույլ չեն տալիս, որ դպրոցները երեխա տրամադրեն, որ աղ ու հաց բերի քարոզների ժամանակ։
«Եթե դու վարչական ռեսուրսներ չօգտագործես, երևի ձեր ընտանիքի անդամները միայն կլինեն կողքիդ», – Արայիկ Հարությունյանի մասին ասաց Արմեն Մեջլումյանը։
Երկու գործիչներն էլ պնդում են, որ քրեական հեղինակություն չեն, գործարարներ են Մոսկվայից ու Սամվել Բաբայանին աջակցում են որպես նրա ընկերներ։ Հերքում են նաև այն խոսակցությունները, որ ֆինանսավորում են ստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։