Զարիֆը ամերիկացիներին կոչ է անում զերծ մնալ Իրանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց |azatutyun.am|

azatutyun.am։ «Երբեք մի սպառնացեք Իրանին», – ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նախօրեին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Նրա խոսքով՝ Իրանի հասցեին հնչող սպառնալիքները որևէ արդյունքի չեն հանգեցնելու: «Փորձեք հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Գուցե դա աշխատի», – ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Զարիֆը:

Խոսելով Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մասին` արտգործնախարար Զարիֆը զգուշացրել է, որ դրանք ի վերջո կարող են շատ լուրջ բարդությունների հանգեցնել:

Նախարարն անդրադարձել է նաև Իրանի ռազմածովային ուժերի` Պարսից ծոցում իրականացվող ուժեղացված հսկողությանը, նշելով, որ նման քայլի պատճառը ամերիկյան ուժերի շարունակվող կուտակումն է այս շրջանում:

«Պատահական չէ, որ մենք այդ վայրը կոչում ենք Պարսից ծոց: Մենք ի վերջո պաշտպանվելու իրավունք ունենք: Պատկերացրեք միայն, թե ինչ զգացողություններ կունենայիք դուք, ինչ քայլերի կդիմեիք, եթե Իրանը հանկարծ ռազմանավեր ուղարկեր Կալիֆորնիայի կամ Ֆլորիդայի ափամերձ գոտի», – նշում էր Զարիֆը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով