Դատախազությունը բողոքարկել է օֆշորի գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանին մասամբ արդարացնելու դատարանի որոշումը |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը բողոքարկել է օֆշորի հայտնի գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանին մասամբ արդարացնելու դատարանի որոշումը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Աշոտ Սուքիասյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել դեռ 2013 թվականին Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ կապված օֆշորի գործով: Նույն քրեական գործով շոշափվում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի եւ նախկին փոխվարչապետ Տիգրան Սարգսյանի անունները, սակայն վերջիններս որեւէ կարգավիճակ չունեին:

Աշոտ Սուքիասյանի մասով գործն անջատվել էր եւ ուղարկվել դատարան: 2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Վ. Գրիգորյանի վճռով Սուքիասյանը մեղավոր էր ճանաչվել առանձնապես խոշոր չափի խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը կամ տուրքը չվճարելու համար՝ դատապարտվելով 16 տարի ազատազրկման: Մեղադրական այդ դատավճռի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, եւ Վերաքննիչ դատարանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, 2019 թվականի հունիսի 24-ին բողոքը մասնակի բավարարելով, Աշոտ Սուքիասյանին արդարացրել էր խարդախության եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասով՝ ճանաչելով նրան անմեղ:

Վերաքննիչի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել ինչպես տուժող, այնպես էլ մեղադրող կողմերից: Դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել տուժողի բողոքը, իսկ Գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի բողոքը ընդունվել է վարույթ: Դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է: Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին (խոսքը հենց Կճոյանի մասին է,- խմբ.): 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն