azatutyun.am: Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն».- Պարո՛ն նախագահ, այս համավարակի պայմաններում մարդիկ խոսում են այն մասին, որ փաստորեն արտակարգ դրություն է, ձեռնարկությունները փակվել են, մարդիկ դժգոհում են, որ աշխատանքի չեն կարող գնալ, ոմանք ասում են, որ թեև պետությունն օգնում է, բայց դա բավարար չէ, իրենց վիճակը վատ է: Ինչպե՞ս է համավարակն անդրադառնալու Հայաստանի տնտեսության և ընդհանրապես հանրային կյանքի վրա դրանից բխող:
Արմեն Սարգսյան.- Գիտեք ինչ, ինչ որ Դուք նկարագրում եք, միայն հայկական երևույթ չէ, ամբողջ աշխարհում ճիշտ նույնն է տեղի ունենում` և՛ մեր հարևան երկրներում, և՛ մեր բարեկամ երկրներում, և՛ ոչ բարեկամ երկրներում, և՛ մեծ ու փոքր պետություններում: Աշխարհում համարյա չկան պետություններ, որոնք ճիշտ նույն խնդիրները չունենան, այնպես որ խնդիրը միայն հայկական չէ: Իհարկե, մեր տունը մեզ է մոտ, և հետևաբար մեր ցավն ու անհանգստությունը մեր երկրի համար է, նախևառաջ և՛ տնտեսության համար, և՛ գործարարների, որոնք չեն կարողանում իրենց հիմնարկներն աշխատեցնել, և՛ այն աշխատավորների, որ այդ նույն հիմնարկներում են աշխատում: Իհարկե և՛ գործարարի, և՛ ընկերությունների ֆինանսական հնարավորություններն են սահմանափակ, և իհարկե առանձին անհատների, և ամենակարևորը այն անհատների կամ ընտանիքների, որոնք սոցիալական և տնտեսական դժվարություններ ունեցել են մինչև կորոնավիրուսը, այսինքն` նրանց եկամտի աղբյուրը բավարար է եղել ասենք ապրելու, բայց դժվար ապրելու համար:
Իմ մտքերն անընդհատ այդպիսի ընտանիքների համար են, որովհետև նրանք այսպես կոչված` գոյատևման ռեզերվ չունեն, որ կարողանան մեկ, երկու, երեք ամիս, և բնական է, որ կարիք ունեն աջակցության, և այդ աջակցությունը միայն պետականը չի, որ պետք է լինի: Իհարկե, պետությունը և տնտեսությունը պետք է շատ խիստ համագործակցեն, և ես տեսնում եմ` կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է և՛ ֆինանսական ոլորտում, և՛ սոցիալական ոլորտում, և՛ գործարար ոլորտում: Իմ հնարավորությունների սահմաններում, երբ որ առիթը կա, ես իմ խորհուրդներն իհարկե տալիս եմ, բայց բավականին բարդ խնդիր է:
Եվ սա հայկական խնդիր չէ, համաշխարհային խնդիր է, և բարդ խնդիր է գտնել այդ հավասարակշռությունը, բալանսը հանրային առողջության և հանրային բարեկեցության միջև, բայց նորից ամենավտանգված խավը մեր երկրում այն անհատներն են, որոնք մշտական աշխատանք չունեն, ունեն օրվա աշխատանք, այն ընտանիքները, որոնք միշտ էլ ունեցել են շատ փոքր եկամուտ, և այսօր այդ ընտանիքները` փոքր ընտանիքներ, մեծ ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ, պատկերացնում եք` ինչ դժվար օրեր են, ասենք յոթ, ութ, ինը, տասը երեխա ունեցող մայրերի և հայրերի համար, չնայած մենք միշտ նրանց քաջալերել ենք, որ որքան շատ երեխա ունենաք, այնքան լավ, բայց այսօրվա պայմաններում չեմ խոսում նրա մասին, որ այդ նույն երեխաներին տանը, փոքրիկ բնակարանում պահելը, դուրս բաց չթողնելը և այլն:
Պրոբլեմները հսկայական են, և իհարկե այն, որ պրոբլեմները միայն մերը չեն, համաշխարհային են, դա մեր կյանքը ավելի լավը չի դարձնում, ուղղակի պետք է փորձենք գտնել ճիշտ հավասարակշռությունը, ճիշտ բալանսը հանրային առողջության և սոցիալական խնդիրների ու տնտեսության զարգացման: Բարդ խնդիր է, պարզ ասենք, թվաբանության խնդիր չէ, բարդ խնդիր է, և այդ իմաստով շատ կարևոր է նաև այսօրվա միջազգային փորձը, չնայած այդ նույն փորձի մեջ կա և’ դրական փորձ, և’ բացասական, սակայն ես կարծում եմ` մենք ամեն օր ուշադիր, ուշի ուշով պետք է հետևենք համաշխարհային փորձին:
Շարունակությունը՝ azatutyun.am-ում