tert.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և մինչև տարեվերջ շուրջ 3 միլիարդ դոլարի չափով միջազգային օգնություն կստանա՝ կորոնավիրուսի հետևանքով առաջած տնտեսական վնասները հնարավորինս մեղմելու, տնտեսության վիճակը կայունացնելու համար։ Tert.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությունը՝ պարզելու, թե Հայաստանը բանակցություններ վարում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որքան գումար կհաջողվի ստանալ սահմանափակումների հետևանքները չեզոքացնելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նշել են, որ նմանատիպ վարկային միջոցներ հասանելի են նաև Հայաստանի համար և անհրաժեշտության դեպքում Կառավարությունը կդիտարկի նոր վարկային միջոցների ներգրավման հարցը․ «Հարկ է նշել, որ մեր գործընկերների հետ արդեն իսկ կնքված պայմանագրերով հասանելի արտոնյալ նպատակային վարկային միջոցների չափը կազմում է շուրջ 1․5 մլրդ դոլար»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
– Հայաստանի Կառավարությունը ֆինանսական օգնություն ստանալու համար բանակցություններ վարո՞ւմ է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ։ Մասնավորապես, Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի, Եվրոպայի ներդրումային բանկի, Գերմանական զարգացման բանկի և Ֆրանսիական զարգացման գործակալության հետ։
– Կառավարությունը համապարփակ բանակցություններ է վարում բոլոր միջազգային գործընկերների հետ ստեղծված իրավիճակում առավելագույն թիրախային աջակցություն ստանալու նպատակով։ Հայաստանի զարգացման գործընկերներից Եվրոպական միությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մի շարք կառույցներ արդեն իսկ հայտարարել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ առողջապահական անհետաձգելի կարիքների, հեռավար կրթության կազմակերպման, սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար ՀՀ-ին տրամադրվող աջակցության մասին։ Հայաստանի մի շարք այլ գործընկերների հետ ամենօրյա աշխատանք է իրականացվում՝ հընթացս հստակեցնելու մեր համատեղ գործողությունները։
– Եթե վարվում են բանակցություններ, որքա՞ն ֆինանսական օգնություն է ակնկալում ՀՀ կառավարությունը։ Արդեն կարող եք հստակ թիվ նշել, թե մինչև տարեվերջ որքա՞ն գումար կստանա ՀՀ-ն։
– Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռևս գտնվում է բանակցությունների փուլում միջազգային գործընկերների հետ՝ հստակ թվերի մասին այս պահին խոսելը վաղ է։ Վստահեցնում ենք, որ աջակցության տրամադրման մասին հանրությունը կիրազեկվի ինչպես Կառավարության, այնպես էլ մեր գործընկերի պաշտոնական աղբյուրների միջոցով։