hetq.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:
Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները:
Այսպես՝ ամենօրյա ռեժիմով
- 111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում 6 առևտրային ցանցերում:
- 24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքագրվում 60 ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտներից:
- 7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքագրվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների , 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսվարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով:
- ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ:
Հավաքագրված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ, տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ: