Հանրությունը չգիտի, թե իրականում ինչ է կատարվել.գործում բազմաթիվ վկայություններ կան աղջիկներին բռնության ենթարկելու վերաբերյալ |forrights.am|

forrights.am։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն տարածեց, նշելով, որ Արման Թաթոյանը Խաչատուրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Թաթոյանը Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստում է՝ սա ՄԻՊ-ի կողմից «ուշացած արձագանք էր».

«Մեկ տարուց ավել է, ինչ գործի քննությունն ընթանում է, սակայն ՄԻՊ-ը միայն այսօր է արձագանքում Խաչատրյան քույրերի գործին: Արձագանքներ չեղան, երբ քույրերը ձերբակալվեցին, որևէ արձագանք չեղավ նախաքննության ամբողջ ընթացքում, բայց…լավ է ուշ, քան երբեք: Ընդհանրապես, ՄԻՊ-ը կանանց նկատմամբ բռնության դեպքերին շատ դժվար է արձագանքում»,- Forrights_ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, պետք է ոչ միայն արձագանքել, այլև կոշտ գնահատական տալ բռնության դեպքերին: Իրավապաշտպանը հայտարարում է՝ աղջիկները հիմա հանրության աջակցության կարիքն ունեն:

«Հանրությունը դեռևս մանրամասն չգիտի, թե իրականում ինչ է կատարվել, գիտի այնքան, ինչքան փաստաբաններն են բարձրաձայնել: Գործը բավականին բարդ է, նախաքնության փուլում բազմաթիվ վկայություններ կան աղջիկների բռնության ենթարկվելու վերաբերյալ, որոնց մասին պետք է հանրությունը տեղեկանա»:
Չնայած հանցագործության ծանրությանը, տասնյակ հազարավոր մարդիկ հանդես են գալիս ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի, պնդելով՝ աղջիկներն իրենց հոր բռնարարքներից ինքնապաշտպանվելու իրավունք ունեն: Նրանք մեղադրում և քննադատում են Ռուսաստանի դատաիրավական համակարգին՝ ընտանեկան բռնությունների հանդեպ աչքերը փակելու համար:

Շուրջ 230 հազար մարդ ստորագրել է Ռուսաստանի իշխանություններին ուղղված խնդրագիրը, որով նրանք խնդրում են քրեական պատասխանատվության չենթարկել Խաչատրյան քույրերին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ևս հանրային աջակցության ալիք բարձրացվեց Խաչատրյան քույրերի համար: Ակցիայի մասնակիցները հավաքվեցին Ռուսաստանի դեսպանատան դիմաց և «Կնասպանութունը հեչ, տղամարդու սպանությունը՝ մեջ», «Կանայք հրաժարվում են մահանալ» և այլ գրությամբ պաստառներով իրենց բողոքն էին արտահայտում Ռուսաստանում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման և Խաչատուրյան քույրերի ազատության համար:

«Ակցիաները կլինեն շարունակական, քանի որ հանրության շրջանում աճում է բռնության դեմ պայքարի և քույրերի կողքին լինելու ցանկությունը»,- հավելեց Զառա Հովհաննիսյանը:

Խաչատրյան քույրերի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն այս պահին ուղարկվել է դատարան: Դատաքննության փուլը կսկսվի մոտ ժամանակներս:
Օրեր առաջ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել: Կարճ ժամանակ անց տեղեկությունը հերքվեց Խաչատրյան քույրերի փաստաբանի կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն