Չեմ պատրաստվում կասկածի տակ դնել իմ դավանած գաղափարների հեղինակությունը հանուն աթոռի. Արցախի Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանն իր պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ խորհրդակցել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
 
Այս տարվա մարտի 31-ին և ապրիլի 14-ին մեր հանրապետությունում անցկացված համապետական ընտրությունները հերթական անգամ ամրապնդեցին ժողովրդավարական արժեքներով պետականության կառուցման մեր հաստատակամությունը: Մեր պայքարն ի սկզբանե, ազատ ու ինքնիշխան Արցախ ունենալուց բացի, օրինական ու օրինակելի պետություն կերտելուն է միտված: Հպարտ եմ, որ հանուն այդ մեծ գաղափարի ձեզ հետ միասին արել ենք հնարավորը՝ կիսելով կորստի ցավն ու հաջողության քաղցր պտուղները:
 
Այդ ջանքերի համատեքստում, անցած տարվա սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրումը նպատակ ուներ Մարտունին ավելի լավը դարձնել: Եվ իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր տված վստահության քվեի և աշխատանքում աջակցելու պատրաստակամության համար. իմ պարտականությունն էր լինել բոլորի քաղաքապետը, ինչը արել եմ անկեղծ սիրով և հարգանքով յուրաքանչյուրիդ հանդեպ:
 
Այսօր ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որն ինձ ստիպել է շատ կարևոր որոշում կայացնել: Բոլորդ լավ հիշում եք իմ մասնակցությամբ այն միջադեպը, որով փորձել եմ կանխել Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների և մի խումբ մարտունեցի երիտասարդների միջև հնարավոր բախումը նախընտրական շրջանում՝ թույլ չտալով նրանց մտնել Մարտունի քաղաք: Առիթ ունեցել եմ թե՛ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին և թե՛ մեր համաքաղաքացիներին ներկայացնելու իմ այդ քայլի պատճառը, որը պայմանավորված էր սրտացավությամբ:
 
Այսօր էլ պնդում եմ այդ մասին, թեև գիտակցում եմ, որ այն իմ կողմից կիրառված լավագույն մեթոդը չէր: Այո՛, դա իմ բացթողումն է, և ես այն ընդունում եմ արժանապատվորեն: Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ որոշ ուժերի կողմից այդ միջադեպը դարձել է քաղաքական շահարկման թեմա, և հետևողականորեն փորձում են դրանով ստվերել Արցախում անցկացված համապետական ընտրությունները: Իմ անցած ճանապարհը և երկրիս ու ժողովրդիս հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվությունը ինձ բարոյական իրավունք չեն վերապահում հանգիստ հետևելու այդ գործընթացին:
 
Ես, որ հայրենիքի ազատության զոհասեղանին էի դրել կյանքս, այսօր չեմ պատրաստվում կասկածի տակ դնել մեր երկրի ու իմ դավանած քաղաքական գաղափարների հեղինակությունը հանուն աթոռի: Խորհրդակցելով կուսակցության նախագահի և կուսակից ընկերներիս հետ ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը:
 
Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ համատեղ կարճատև, բայցև բովանդակալից աշխատանքի համար: Խնդրում եմ ներողամիտ գտնվել և ըմբռնումով մոտենալ որոշմանս: Համավարակի այս բարդ ժամանակներում առողջություն եմ մաղթում բոլորիս»,-գրել է Հայկ Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով