Ազգային ժողովի նիստի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ այսօր տեղի ունեցած միջադեպին։ Վարչապետն ասաց․
«Ազգային ժողովի մեծարգո պատգամավորներ, կառավարության հարգելի գործընկերներ։ Նախ ուզում եմ շնորհավորել Շուշիի ազատագրման 28–րդ տարեդարձի կապակցությամբ և ուզում եմ բոլորիս շնորհավորել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ։ Իմ եզրափակիչ ելույթը պետք է վերաբերեր տեղի ունեցած քննարկումների և կառավարության ծրագրի ընթացքի և ադյունքների մասին զեկույցին, բայց չեմ կարող չանդրադառնալ այն ամենին ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում։
Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով։ Ուզում եմ ընդգծել ՝ բռնությունը իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական,այլև բարոյական, հոգեբանական և պետք է շատ ուղիղ ընդգծել ,որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական թիմը և այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների։ Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել , ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում Աժ « Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերաբերյալ։ Այս ամենը ունի մեկ նպատակ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությանը և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը։ Այո՛․ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում և ես ուղիղ ասել եմ՝ « Այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր, որ Դուք և Ձեր գորոծունեությունը այդ ողջ հոգեբանական և բարոյական բռնությունների և ի վերջո ֆիզիկական բռնություն գործարկելու պլանի մի ամբողջական մասն են»։ Ես այսօր դիտելով տեղի ունեցածի տեսագրությունը մի պարզ հարց եմ տալիս՝ միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ուեցել ամբիոնից ներքև , հարց՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած, երբ Մարուքյանը իջնում էր ամբիոնից և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը ՝ ինչի՞ համար էր գնում։
Տեղի ունեցածը այլ կերպ, քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրություն մի քանի անգամ դիտելուց հետո։ Բայց ես դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների։ Մենք իրավունք չունենք տրվել սադրանքների, որովհետև մեզ ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից։ Նրանք մեզ ուզում են դարձնել՝ իրենց պադիեզդներում ծեծողներ, նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշությունից։ Այո՛, Հայաստանում հաստատված է մի իրավիճակ , երբ իշխանությունը ամեն օր ենթարկվում է բռնության, բռնության զոհ է դառնում սերժական, քոչարյանական բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից, սա է ճշմարտությունը։ Ես ուզում եմ խոսել օրենքի տեսակետից, ՀՀ քրեական օրենսգրքում կաշառքը համարվում է հանցագործություն, բայց առանձին վերցված կա նաև մեկ այլ հանցագործություն՝ կաշառքի սադրանքը։ Սադրանքը նույնպես հանցագործություն է , ինչ դրա հետևանքը։ Այո՛, ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ինձ և այսօր տեղի ունեցածը ես համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս, ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ հոգին հանձնվել չգիտի։
Այո՛, այս ամեն ինչը կապ ունի «Ապօրինի գույքի բռնագանձման » օրենքի հետ, կապ ունի բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև, երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, որտեղից են իրենց թուլափայը ստանալու՝ թուլափայը ստացողները։ Հոգեբանական բռնության է ենթարկվում նաև հանրությունը, որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առջև, մենք կամ պետք է դառնանք իրենց պադեզդներում ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան պադեզդներ մտնելուց , թույլ չենք տա։ Այո՛ , այդ պադեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնել այն իշխանությունը , որը պատկանում է ժողովրդին։ Գնացեք տեսեք Էդմոն Մարուքյանը ոնց է խոսել Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, Սերժ Սարգսյանի հետ, և ոնց է խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանությունն ունեցող մեծամասնության հետ։ Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի և այդ միջադեպը երբեք չպետք է կրկնվի։ Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն և այդ ընթացքում բռնության որևէ դեպք չի եղել։ Միակ բռնության հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է Սասուն Միքայելյանը, ով պլաստիկե շիշը նետել էր տխրահռչակ Լևոն Երանոսյանի վրա։ Եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքայելյանին թերևս այսօր այդ քաղաքական ժառանգությունով էլ կավարտվեր այս միջադեպը։ Մենք այսօր պարտվեցինք, ես դատապարտում եմ հարգելի Պարոն Միքայելյան՝ Ձեզ, ինձ , մեզ։ Մեզ դատապարտում եմ ծառայության ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին և այն արժեքներն, որոնք դարձել են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության լոկոմոտիվը և տանող ուժը»։