Եթե նոր հիվանդացության դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք նորից գնալու սահմանափակումների․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆոյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է հնարավոր նոր սահմանափակումներին, վերջինս մասնավորապես նշել է․

«Ցավով ուզում եմ նշել, որ կարծես թե կորոնավիրուսի ճգնաժամը մեր ընդհանուր, հանրային ուշադիրությունից դուրս է մնում և մենք կանգնում ենք պրոբլեմների առաջ։ Արդեն մի քանի օր է՝ օրական  կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք է գրանցվում, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում:

Մենք, հաշվի առնելով երկրում առկա սոցիալական, տնտեսական իրավիճակը և հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսը դեռ երկար շարունակելու է մնալ մեր կյանքում, որոշեցինք գնալ փուլային որոշակի սահմանափակումների նվազման և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Այս ընթացքում բացվել են  տնտեսական գործունեության բոլոր ձևերը, նրանք, որոնք դեռ չեն բացվել՝ պատրաստում ենք բացել։ Հույս ունեմ հիշում եք, որ մենք հայտարարել էինք, որ այս ամեն ինչը արդյունավետ կլինի, եթե մենք անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության։ Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է որոշակի կանոններ պահպանելու պատասխանատվություն ստանձնի։

Այսօր ես տեսնում եմ փողոցում իրար ձեռքով բարևող, կներեք արտահայտությանս, իրար քիթ մտած մարդկանց: Սա մեծ պրոբլեմ է, և մենք կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն ունի հնարավորություն չվարակվելու և ուրիշների չվարակելու, եթե պահպանի այն կանոները, որոնց մասին խոսել ենք: Առաջինը՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կամ եթե իրար մոտ կանգնած խոսելու անհրաժեշտություն կա,  առանց դիմակների չի կարելի իրար հետ խոսել՝ առավել ևս փոքր տարածությունում:

Երկրորդ կանոնը՝ չախտահանված ձեռքերով ուղղակի դեմքին չդիպչել: Վարակի տարածման ամենատարածված ձևը դա է։ Կրկին կոչ եմ անում առանց ախտահանված ձեռքերի մեր դեմքին չդիպչենք։ Առանձնակի ուշադրություն եմ ուզում հրավիրել հակահամաճարակային կաննորի, հիգենայի վրա։ 

Երրորդ, չախտահանված սպասքից ընդհանրապես չօգտվել:

Վերջին օրերին մենք 100-ից ավելի կորոնավիրուսային դեպք ենք ունենում, արդեն 48 մահ ունենք: Իհարկե, նաև բուժվածներ ունենք, և մեր մարտավարությունը հետևյալն է՝ քանի որ կորոնավիրուսը մեկ տարի առնվազն մեր կողքին  է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ: Բայց դա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել։

Եթե այս տեմպերով գնանք, նոր հիվանդացության դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք նորից գնալու սահմանափակումների։ Սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ մենք չունենանք  այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։ Կրկին խիստ սահմանափակումներ վերադառնալը անցանկալի է բոլորիս համար»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով