civilnet.am: Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանը աշխատանքային այցով Նյու Յորքում է։ Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Ավինյանը հայտարարել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա և հիդրոէներգետիկա։ Նա նշել է, որ այս երեք աղբյուրներից Հայաստանը գրեթե հավասարաչափ էլեկտրաէներգիա է ստանում և չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից։
«Շարունակելու ենք և այժմ դիտարկում ենք Մեծամորի ատոմակայանի ապագործարկումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունները»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ ռուսաստանցի գործընկերների հետ պատրաստ են և արդեն իսկ քննարկում են Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործին։