Ես կխոսեմ երջին շրջանում Ադրբեջանից հնչող պատերազմական կոչերի մասին։ Վերջին շրջանում ակտիվացել են ռազմական ուժի, ուժի սպառնալիքի կոչերը։ Դրանք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից։ Իմ ուսունասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ակտիվորեն քննարկվում են նաև Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ որոշ պատգամավորներ կոչ են անում օր առաջ ռազմական գործողությունները վերսկսել։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: Վերջինս նաև հավելեց․
«Սա ներքին պրոցեսների արդյունք է և այդ կոչերը ուղղված են ներքին լսարանին, քանի որ Ադրբեջանն անցել է կարանտինային խիստ ռեժիմի, դիմակները դարձել են պարտադիր և տուգանքներ են սահմանվել: Այս ամենը և ներքաղաքական որոշ այլ գործընթացներ հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա նման արկածախնդրության կգնա: Այտուհանդերձ, այդ կոչերն անպատասխան չեն մնալու, մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Այս կոչերը չպետք է անարձագանք մնան։ Պետք է նշեմ, որ այս ամենը համարժեք արձագանք է ստանում նաև ԱԳՆ-ի և ՊՆ-ի կողմից », – ասաց պատգամավորը:
Հայրապետյանը նշեց, որ վտանգավոր է համարում այն կոչերը, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին օր առաջ հարձակվել Հայաստանի վրա և դրանք հնչում են հայկական կողմից։ Պատգամավորի կարծիքով դա ապսուրդային է, քանի որ այս համաճարակային պայմաններում անթույլատրելի է թշնամական ձևով տրամադրվել սեփական երկրի հանդեպ։