armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արտակարգ դրությամբ սահմանված պահանջների խախտման մասին հրապարակակումների շարքում կային նաեւ աշակերտների ու ուսուցիչների լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ երեւում է, որ նրանք, հանդիպելով դպրոցն ավարտելու կապակցությամբ, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, չեն կրում դիմակներ:
«Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։ Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»,- վերնագրել էր վարչապետը մարդաշատ սենյակի տեսանյութը։
Ի պաշտպանություն Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրենի՝ աշակերտները ներկայացրել են պարզաբանում՝ ընդունելով, որ սխալվել են եւ խնդրելով ներողամիտ լինել:
«Հայկական ժամանակ»-ն այսօր ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվեց, թե ինչ պատիժներ են նախատեսվում ատեստատների հանձնման ժամանակ արտակարգ դրության նորմերը խախտած դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների նկատմամբ, հաշվի կառնվի՞ աշակերտների՝ ներողամիտ լինելու խնդրանքը, լուրեր են պտտվում աշխատանքից ազատելու մասին՝ որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանն ու արդյո՞ք աշխատանքային օրենսգրքի խախտում չի նրանցից ազատման դիմումներ պահանջելը:
ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ խնդրի քննարկման համար հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նշելով. «Միանշանակ բոլոր որոշումները կլինեն Աշխատանքային օրենսգրքին համապատասխան»:
Խորհրդակցության ավարտին տեղեկացանք, որ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներից որեւէ մեկի տնօրենն այս պահի դրությամբ աշխատանքից ազատված չէ, մի քանիսը բացատրություն են ներկայացրել։