Նոյեմբերյանի համայնքապետարանը դիմել է մարզի երեք պատգամավորներին՝ առաջարկելով հանդես գալ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ

Նոյեմբերյանի համայքապետարանը հայտարարություն է տարածել Ծաղկասար(Չիբլլու) սարի և հարակից արոտների շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է՝ 

«Հարգելի՛ բնակիչներ,

Քանի որ վերջին ժամանակներս կորոնավիրուսի վերաբերյալ խոսակցություններից ոչ պակաս ակտիվությամբ նոյեմբերյանցիների շրջանում քննարկվում է Ծաղկասարի (Չիբուլլու) և հարակից հեռագնա արոտների թեման, հարկ ենք համարում պարզաբանում տալ:

Դեռևս խորհրդային ժամանակներում իշխանությունները՝ հաշվի առնելով նախկին Նոյեմբերյանի շրջանի բնակավայրերում անասնապահության համար ոչ նպաստավոր պայմանները (խոտհարքերի և արոտավայրերի խիստ սակավությունը), մոտ 40-60 կմ հեռավորության վրա գտնվող սարերում պետական ֆոնդից տարածքներ են տրամադրել հեռագնա անասնապահությամբ զբաղվող գյուղացիներին: Ավելի քան 70 տարի շարունակ մարդիկ՝ կտրվելով իրենց հիմնական ապրելավայրից, հնարավորություն են ունեցել գոնե սեզոնային անասնապահությամբ լուծելու իրենց ապրուստի խնդիրը: Նշված տարածքներում նրանք ստեղծել են ժամանակավոր կացարաններ և տարրական ենթակառուցվածքներ:

2010 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, ըստ որի պետական նշանակության հողատարածքները հանձնվել են կից համայնքներին, կատարվել են միջհամայնքային վերաբաշխումներ, վերաձևվել և հաստատվել են միջհամայնքային և միջմարզային նոր սահմանները:

Մինչև վերջերս ոչ մեկին չհետքրքրող այս փոփոխությունն այսօր մեծ խնդիր է դարձել, քանի որ այդ տարածքներին փաստացի տիրապետող համայնքների ղեկավարները դրանք վարձակալությամբ հանձնել են երրորդ կողմին, և նոյեմբերյանցիները զրկվել են իրենց անասուններն այդ արոտավայրերում պահելու հնարավորությունից: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ անասնապահությունը Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնական զբաղմունքն է, նրանցից շատերի ապրուստի միակ միջոցը: Իսկ մեր բնակավայրերին հարող հողատրածքները հիմնականում գտնվում են վտանգավոր գոտում, ինչի պատճառով մարդիկ ստիպված են անասունները տեղափոխել հեռագնա արոտներ:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ Նոյեմբերյանի համայնքապետարանը դիմել է մեր մարզի երեք պատգամավորներին՝ առաջարկելով հանդես գալ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:

Քանի որ օրենսդրական փոփոխություններ կատարելու գործընթացը բավականին ժամանակատար է, այս ընթացքում նաև հանդիպում է կայացել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի տնօրինության և շահագրգիռ համայնքների ղեկավարների միջև, որի ընթացքում առաջարկվել է հետագա քննարկումների արդյունքում, առաջնահերթ համարելով գյուղացու պահանջը և շահերի բախումից խուսափելու նպատակով, առաջիկա մեկ տարվա համար գտնել խնդրի լուծման օպտիմալ տարբերակ, իսկ այդ ընթացքում կկազմվի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը:

Կոչ ենք անում բոլորիդ ցուցաբերել համբերատարություն և հանդուրժողականություն. խնդրին հնարավորինս արագ լուծում տալը մեզ համար առաջնահերթություն է: «Չար լեզուների» սադրանքներին տրվելուց առաջ փորձեք ցանկացած հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ Նոյեմբերյանի համայնքապետարանից։ Առողջ եղեք»։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն