Թվային առումով ունենք 566 նոր դեպք, ի տարբրություն նախորդ օրվա 428-ի ։ Սա բացարձակ թվով իհարկե նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես տոկոսային առումով այդքան մեծ եղել։ Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․
«Արվել է 2233 թեստ, նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ գրեթե նույնն է ՝25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ։ Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, ընդհանուր թիվը կազմում է 245։ Երեկվա դրությամբ ունեցել եք մահճակալային ֆոնդի հարաբերական ծանրաբեռնվածություն։ Ունենք 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, սակայն մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Ամենակարևոր ցուցանիշը, որին անդրադառնում ենք, հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է այս պահին, առավոտյան ժամը 9-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք ունեն հոսպիտալացման կարիք և նրանցից միայն 4-ն է, որ տանն է , իսկ մնացածները այլ հիվանդանոցներում են՝ պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ։
Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց, այդ լարվածությունը կոմպենսացվում է։ Ինչը չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք։ Ինչպես ամենասկզբից, պետք է այս կառավարելի իրավիճակը պահենք հնարավորինս երկար։ Հետևաբար , կարծում եմ, որ մեր պարետատան որոշումների շրջանակներում ամեն ինչ պետք է շարունակենք, խստացնենք կանոնների նկատմամբ վերահսկողությունը, սկսած քաղաքացիներից մինչև տնտեսվարողներ։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց, ըստ անհրաժեշտության որոշումները կարողանանք փոխել։