Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․06․20 (թարմացվող)

21:30- Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի, «Երևան Մոլ»-ի  և մի քանի տասնյակ այլ տնտեսվարողների գործունեությունը։

18։11- ՀՀ-ում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է: Այս մասին  ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: Պատասխանելով այն դիտարկումներին, թե Հայաստանում բնակչության թվի հետ համեմատած, ավելի քիչ թեստ է արվում, քան Ուկրաինայում կամ Հարավային Կորեայում, նախարարը նշեց, որ այդ երկու երկրներից Հայաստանում 1000 բնակչի հաշվով օրական ավելի շատ թվով թեստ է արվում: |armenpress.am|

 

17։50- Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Նա այսօր հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ: Խոսել են համավարակի կանխարգելման հնարավորությունների և հնարավոր լուծումների, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգում առկա դժվարությունների մասին:  Նախագահը նաև հանդիպել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին:

 

16։59- ԱՀ պարետի որոշմամբ ԱՀ մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդները և ուղեկցողները հսկիչ անցագրային կետերում պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի դեպքում՝ տասը օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ թեստի դեպքում՝ յոթ օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

13։32- Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2։1-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը, 2020 թ․ մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս: Շահառու համարված հարկ վճարողները ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից կստանան ծանուցում։ Նրանք կարող են նույն համակարգի միջոցով մինչև  հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում։ [ՊԵԿ]

 

12։30- Հունիսի 17-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացել է մարզի 224 բնակիչ։ Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ 32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 14 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

12։04- Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

  • ընդհանուր 159 հաստատված դեպք, որից 90 հոգի բուժվել է,
  • 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
  • 50 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։ [Սյունիքի մարզպետարան]

 

11։49- Պարետի որոշման համաձայն՝
այսօրվանից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ կապահովի

  • պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
  • զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող օբյեկտներում,
  • բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,
  • հանգստյան ճամբարներում 

մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը։ [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

 

11։20- ԱՀ-ում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը: Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։00- ՀՀ պարետի նոր որոշմամբ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը։

 

10։59- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10։49- Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած։ [ԱՆ]

 

10։45- Հունիսի 30-ը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման հայտերի ընդունման վերջնաժամկետն է։ Տնտեսավարողներից ստացվել է 1684 հայտ, պահանջված ընդհանուր գումարի չափը` 17,085.20։ Հունիսի 11-ի դրությամբ կնքվել է 637 պայմանագիր` 7,355.90 մլն. դրամի չափով: [Էկոնոմիկայի նախարարություն]

 

09։49- Առողջապահության նախարարությունը դիտարկում է COVID-19 ախտորոշված, սակայն տնային պայմաններում բուժում ստացող պացիենտների թոքաբորբի բուժման համար սահմանված դեղերը տրամադրելու հնարավորությունը: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերով որոշ սիմպտոմներով, այդ թվում՝ երկկողմանի թոքաբորբով անձինք կան, որոնք չեն հոսպիտալացվում և բուժում են ստանում տանը։ Նրանք դեղերը գնում են իրենք, անգամ ախտորոշվում են վճարովի լաբորատորիաներում։ |armenpress.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․06․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով