Վարչապետի խոսնակը հանդիպումներ է ունեցել Վրաստանում, այդ թվում ԱԳ նախարարի հետ

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումիում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին:

Արևելյան գործընկերություն 2020 խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։

Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ, որի հետ մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ օրակարգի տարբեր խնդիրներին։ Երկուստեք կարևորվել է փոխադարձ շփումները ամենատարբեր մակարդակներում՝ պաշտոնական, խորհրդարանականների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։

Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության խնդիրները։ Վ. Կարապետյանը հատուկ ընդգծել է այն նշանակությունը, որ Հայաստանի ղեկավարությունը տալիս է երկկողմ հարաբերություններին։ Լ. Դարսալիան նկատել է, որ փոխադարձ այցելությունների ինտենսիվությունը վկայություն է նաև վրաց իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալներ՝ Սերգի Կապանաձեի և Գիա Վոլսկիի, Վրաստանի խորրդարանի պատգամավորներ՝ Գեորգի Բարամիձեի ու Գեորգի Կանդելակիի հետ, Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցի, Հայաստանում Նիդերլանդների և Շվեդիայի դեսպաններ՝ Յոհանես Դումայի և Ուլրիկ Թիդեստրեմի հետ:

Վրաց պաշտոնյաների հետ հանդիպումներում անդրադարձ են կատարվել հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Վլադիմիր Կարապետյանը և Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նիդերլանդների դեսպան Յոհանես Դումայի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև վիզաների ազատականացման շրջանակներում երկու երկրների պատկան գերատեսչությունների շփումների վերաբերյալ: Դեսպանը նշել է, որ Նիդերլանդներում կա ընդգծված դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ և կարևորել, մասնավորապես, երկու երկրների միգրացիոն ծառայությունների արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը այդ ուղղությամբ:

Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ Վ.Կարապետյանը անդրադարձել է մի շարք ոլորտներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին։ Դեսպանը ջերմությամբ է խոսել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Շվեդիա կատարած այցի և կայացած հանդիպումների մասին։

Բաթումիում գտնվելու ընթացքում Վ. Կարապետյանը նաև այցելել է Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն, հանդիպել Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի, հյուպատոսության անձնակազմի հետ։ Այնուհետև Գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելել է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցի։ Տեր Արարատ քահանա Գամբալյանի ուղեկցությամբ այցելել են Վիրահայոց թեմի Բաթումիի Մանթաշյանցի անվան կրթամշակութային կենտրոն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն