Խոսրովի անտառ արգելոցն ինքնավերականգնվում է հրդեհից հետո. Աղասյան |news.am|

news.am։ Խոսրովի անտառ արգելոցը, որը հրդեհվել էր 2017 թվականի սեպտեմբերին, ինքնավերականգնվում է: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Աղասյանը նշել է, որ Խոսրով III արքայի կողմից հիմնված արգելոցը ոչ միայն տարածքային, այլ նաեւ պատմական նշանակություն ունի երկրի համար:
«Խոսրովի անտառը հատուկ պահպանվող տարածք է իր խիստ կանոններով:

Մարդու միջամտությունը ֆլորա եւ ֆաունայի տեսակների բազմազանությանը խստիվ արգելվում է: Արգելոցի տարածքում մոտ 20%-ն է անտառածածկ, իսկ մնացած մասը՝ կիսաանապատային տարածքներ են: Մենք իրավունք չունենք միջամտել, անտառը պետք է ինքնավերականգնվի: Այժմ այնտեղ ծաղկում է նկատվում, կենդանիները վերադարձել են: Առաջին հայացքից չես ասի, որ մի քանի տարի առաջ այնտեղ միայն մոխիր է եղել»,- նշել է նա:

Աղասյանի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի մասնագետները տարածքի մոնիթորինգ են անցկացրել:

«Նախ ստուգման համար հավաքվել են որոշ ծառերի սերմեր՝ հասկանալու համար, թե արդյոք դրանք կկարողանան ինքնավերականգնվել, թե՝ ոչ: Մի կարեւոր տեսանկյուն կա. Ռուսաստանը հրդեհի մարման համար ինքնաթիռ է ուղարկել, եւ դա արմատապես փոխել է իրավիճակը, քանի որ հրդեհից 2-3 օր անց մենք վստահ էինք, որ ցամաքային միջոցներով անհնար էր մարել կրակը: Ծառերը երբեք չեն կտրվել, եւ այդ պատճառով հրդեհի հետեւանքով հումուսի շերտ է առաջացել:

Հրդեհի ամենասարսափելի մասն այն է, որ ցամաքում հրդեհը գրեթե տեսանելի չէ, այն բռնկվում է միանգամից եւ հողի տակից: Հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է 2000 հեկտար, որից ամենաշատը վնասվել է 200 հեկտարը: Կան հատվածներ, որոնք չեն այրվել, այդ տարածքները կենդանիների համար ապաստան են դարձել: Խոշոր կենդանիները չեն տուժել: Տուժել են միայն մորեխները, բզեզները:

Հրդեհից անմիջապես հետո նկատեցինք կրծողների որջեր, եւ դա նշանակում է, որ նրանք կրկին վերադարձել են եւ այնտեղ են բնակվում: Նաեւ ուրախալի է այն, որ բույսերի տեսակային կազմը չի տուժել: Հրդեհից մեկ ամիս անց մենք նկատեցինք, որ ինքնավերականգնում է ընթանում: Խոսրովի անտառ արգելոցում բույսերի ավելի քան 1850 տեսակ կա: Ընդ որում, ողջ Կովկասում կա բույսերի 6000 տեսակ:

Դժվար վերականգնվող տեսակներից է գիհին: 500-600 տարեկան գիհիներ կան արգելոցում; Դրանք շատ դժվար եւ դանդաղ են աճում»,- ասել է Արամ Աղասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն