Բեյրութի Հայկազյան համալսարանի 7 շենքերն էլ վնասվել են, առնվազն 150,000 դոլար անհրաժեշտ կլինի նորոգելու համար. համալսարանի տնօրեն |tert.am|

tert.am: Բեյրութում տիրող ընդհանուր վիճակից խոսելիս պետք է նշեմ, որ այնտեղ, որտեղ կարելի էր, մաքրման աշխատանքներ կատարել, երիտասարդ կամավորները կատարում են այդ աշխատանքներն ամեն օր. այս մասին մեզ հետ զրույցում ասաց Լիբանանի Հայկազյան համալսարանի տնօրեն Փոլ Հայտոսթյանը:

«Պայթյունի կենտրոնից 1-1.5 հեռավորության վրա, որտեղ ավերածություններն ահավոր են, նախնական մաքրման աշխատանքները կատարված են և ոչ միայն փողոցների, այլ բաժին առ բաժին, խանութ առ խանութ, շենք առ շենք այդ աշխատանքներն իրականացվել են, իհարկե, դեռ կարիքը շատ է, բայց որոշ մասը եղավ։ Բացի այդ՝ սկսել են օժանդակության կոչերը, աշխատանքները: Շատ դրական է, որ մեծաթիվ կողմեր կան, որոնք ցանկանում են օժանդակել: Այսինքն` կան պետություններ, խմբեր, ՀԿ-ներ, ոչ պետական համաշխարհային կազմակերպություններ, որ պատրաստակամություն են հայտնել որոշ նորոգման աշխատանքներ տանել: Մյուս կողմից էլ որոշ երկրներ, օրինակ՝ Քաթար, Մարոկկո և այլն, քանդված հիվանդանոցների կողքին վրանների տակ ժամանակավոր հիվանդանոցներ են կառուցել»,- այսպես ներկա վիճակը նկարագրեց նա:

Փոլ Հայտոսթյանը նշեց, որ այս աղետը բացասաբար է ազդել ժողովրդի հուզական, հոգեկան աշխարհի վրա: Ըստ նրա՝ շատ արագ տարածվում են կեղծ լուրեր, զրույցներ, ինչը նա բնական է համարում:

«Օրինակ՝ լուր տարածվեց, թե անցյալ հինգշաբթի օրը տարբեր տեսակի պայթյուններ կամ սպանություններ կարող են լինել. այս բոլորը զգացական աշխարհի, ճնշվածության արդյունք են: Սրա դիմաց օժանդակության, իրար օգնելու, բարձրացնելու շատ գեղեցիկ մարդկային մթնոլորտ էլ ստեղծվեց և ոչ միայն օտարների կողմից: Նույն լիբանանցի երիտասարդները վնասված թաղերի մեջ շրջում են և օգնության կարիք ունեցողին օժանդակում են: Ամեն մարդ մի քիչ դարձավ բարեգործ, բժիշկ, բուժքույր, սա էլ դրական մասն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ վերականգման մարմին է ստեղծվել, որ հաշվարկեն լիբանանահայության կրած վնասները և օժանդակեն աշխատանքներին, ի՞նչ է անում այդ մարմինը, նա նշեց, որ այո Լիբանանի հայության վերականգման հանձնախումբ է ստեղծվել 9 կողմերի ներկայացուցիչներից, երեք եկեղեցիների, երեք հայկական կուսակցությունների և երեք միություններից:

«Հանձնախումբը առաքելական եկեղեցու առաջնորդ սրբազանի նախագահությամբ է գործում, նրանք մի քանի նիստ են արել, գործի բաժանում է կատարվել, հանձնախումբը պատրաստեցին, ֆեյսբուքյան էջ ունեն, սկսեցին որոշ հարցախույզեր, այցելություններ անել տեսնելու մանավանդ հայահոծ շրջանների տները, եկեղեցիները, շենքերն ինչ աստիճանի են վնասվել: Նրանք շաբաթական 2-3 ժողով են գումարում և կանոնավոր դա պետք է կատարեն: Այն ինչ-որ միացյալ ջանքով կարող է արվել, պետք է անենք միջանկյալ ջանքով, շատ կարևոր էր և´ գործնական, և´ խորհդանշական առումով, որ մենք միասին լինենք, մեկ ճակատ լինենք, նույնիսկ եթե աշխատանքների մի մասն ամեն մարդ այլ կերպ պետք է առաջ տանի: Այո, դա ընթացքի մեջ է, չգիտեմ՝ ինչ արագությամբ աշխատանքները կընթանան․ կարիքները մեծ են և շատ արագ պետք է գործել, գոնե գիտեմ, որ ընթացքի մեջ է և կանոնավոր աշխատանքները սկած են»,- ասաց նա:

Հարցին՝ ինչ վնասներ է կրել Հայկազյան համալսարանը և ինչ ծախսեր կպահանջվի համալսարանը վերականգնվելու համար, նա նշեց, որ Հայկազյան համալսարանը 2,4 կմ հեռավորության վրա է պայթյունի կենտրոնից, սակայն համալսարանի 7 շենքերից բոլորն էլ տարբեր չափով վնասվել են, հիմնականում առաստաղները, պատուհաններն ու դռներն են վնասվել:

«Մենք թեպետ ամենավնասված կառույցը չենք կարող մեզ համարել, որովհետև ավելի հեռու էինք պայթյունի վայրից, բայց քանի որ 7 շենքի մասին է խոսքը, նվազագույնը 150 հազար դոլար է մեր ֆիզիկական վնասը նորոգելու համար»,- ասաց նա:

Հայտոսթյանը նշեց, որ համալսարանում ներկա պահին սովորում է 600 ուսանող, որից 43 տոկոսը հայ են, նաև 650 ուսուցիչ է որակավորում ստանում համալսարանում: Հայտոսթյանն ընդգծեց՝ այս ծանր օրերին Հայկազյան համալսարանի 65-ամյակն է լրանում, ինչպես նաև 50-ամյակը հայկազյան հայագիտական հանդեսի, որը սփյուռքի մեջ պատկառելի դեր է կատարում:

 

Շարունակությունը՝ tert.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն