news.am։ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը եւ պարզեցված կարգով ժամանակավոր բնակության (ԺԲԹ) եւ ժամանակավոր կեցության թույլտվություն (ԺԿԹ) տալ օտարերկրացիների ավելի լայն շրջանակի։ Միաժամանակ, ԺԲԹ ստանալու հայտի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի կես տարուց մինչեւ չորս ամիս, իսկ ԺԿԹ-ն պետք է դառնա անժամկետ, գրում է ռուսական «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը։
Այս օրինագիծը, որը պատրաստել է ՌԴ կառավարությունը, Պետական դուման նախատեսում է քննարկել երրորդ ընթերցմամբ այսօր՝ հուլիսի 23-ին, լիագումար նիստում։
Մասնավորապես, ԺԲԹ ստանալու իրավունք առանց քվեի առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք.
- ծնվել են Ռուսաստանի տարածքում,
- Ուկրաինայի քաղաքացի են կամ քաղաքացիություն չունեցող անձինք են եւ ունեն
- փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ՌԴ-ում,
- վերաբնակվում են Ռուսաստանում մշտական բնակության համար փախստականների վերաբնակության եւ իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի եւ այլ պետությունների հետ։