lragir.am: Շուրջ 9000 հսկիչ դրամարկղային մեքենաների դեֆիցիտը լրացնելու համար «Դոկտեխնիկ» ընկերությունը սեպտեմբերին ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը կներմուծի Հայաստան: Ներկայումս աշխատանքներ են տարվում Պետական եկամուտների կոմիտեի հետ:
Այս մասին տեղեկացրեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը՝ հավելելով, որ այս փուլում գործարարներից շատ դժգոհություններ են ստանում, որ չեն կարողանում նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերել:
ՊԵԿ-ը օրերս դարձյալ իրազեկել էր, որ ՀԴՄ-ների պակաս կա՝ հավանական ներմուծողներին հորդորելով հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստանալու համար ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներն՝ առկա ավելի քան 9000 հատ ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերջին շրջանում տարբեր առիթներով ասել էր, որ ցանկացած ՀԴՄ, որը կհամապատասխանի տեխնիկական պահանջներին, կարող է ներմուծվել, տեղայնացվել ու գործարկվել Հայաստանում:
«Դոկտեխնիկ» ընկերության գործադիր տնօրեն Ալիսա Ղուկասյանը, ըստ Սամսոն Գրիգորյանի, իրենց հայտնել է, որ ծրագրային ապահովումը 7 ամսից շուտ հնարավոր չէր իրականացնել: «Բայց արդեն պատրաստ են, աշխատում են ՊԵԿ-ի հետ, մոտակա օրերին սարքը կստանա պետական գրանցում, և սեպտեմբերին արդեն կներմուծեն առաջին խմբաքանակը:
Այդ ընկերությունից ասացին, որ իրենք են ներմուծելու, տան նաև մյուս կազմակերպություններին, որպեսզի ինքնարժեքով վաճառեն: Իրենց եկամուտը գոյանալու է սպասարկումից»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ pos տերմինալով սարքերի (երբ հնարավոր է առևտուր անել նաև բանկային քարտով) գինը կլինի 120 հազար, իսկ առանց pos տերմինալով սարքերինը՝ 80 հազար դրամ: Եվ եթե պետությունը դարձյալ սուբսիդավորի բիզնեսի համար այս սարքերի ձեռքբերումը, այդ դեպքում գինն ավելի էժան կլինի:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին կառավարության նիստում հայտարարվեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կվաճառվեն 60 հազար դրամով՝ նախկին 160 հազար դրամի փոխարեն: Կառավարությունը որոշել էր, որ 100 հազար դրամը կսուբսիդավորի պետությունը։ Ըստ ՊԵԿ-ի՝ այդ 160 հազար դրամ գինը գրեթե սարքի ինքնարժեքն էր: Բայց պարզվում է, որ հիմա հնարավոր է սովորական ՀԴՄ-ն ինքնարժեքով մատակարարել 80 հազար դրամով:
«Այսինքն՝ եթե պետությունը որոշի սուբսիդավորել և դարձյալ 60 հազարով մատակարարել բիզնեսին, ընդամենը 20 հազար դրամ սուբսիդավորման գումար կպահանջվի ամեն սարքի համար»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:
«Դոկտեխնիկ» ընկերության տնօրեն Մերուժան Հովհաննիսյանը ասաց, որ նախկինում ՊԵԿ-ի կողմից կային խոչընդոտներ, որոնց մասին տարվա սկզբին բարձրաձայնել էին նաև իրենք, բայց ներկայում խնդիրները լուծվում են: