Պետք է պարզել՝ 180 էջանոց դասագիրքը, որի հետ կապված 300-ից ավելի դիտողություն կա, ի՞նչ հանգամանքներում է մտել դպրոց․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ զրուցել ենք դասագրքերի չափորոշիչներից, չափորոշիչների մշակման խնդիրներից և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։

-Ու՞մ կողմից են սահմանվում դասագրքերի չափորոշիչները և ի՞նչ սկզբունքով։

-Կան հանրակրթության պետական չափորոշիչներ, որոնք սահմանում են հանրակրթության բովանդակության վերաբերյալ այն հիմնական պահանջները, որոնց միջոցով պետք է ունենանք սովորող, հետո քաղաքացի։ Դասագրքերը պետք է համապատասխանեն հանրակրթության չափորոշիչների սահմանած մոտեցումներին։ Դրանցից արդեն բխում են առարկայական ծրագրերը, որոնց ևս պետք է համապատասխանեն դասագրքերը։

Կան նաև դասագրքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ, որոնք հիմա, եթե չեմ սխալվում, 62-ն են։ Դա արդեն սահմանում է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը», որը դասագրքաստեղծ գործընթացների կազմակերպիչն է։ Այստեղ կարևոր է գնային քաղաքականությունը։

Այս պահի դրությամբ մենք ի՞նչ դասագրքեր ունենք, ինչպես են դրանք ստեղծում․ 5 տարին մեկ իքս դասագրքի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցում են ոչ թե հեղինակային խմբերը, այլ հրատարակչությունները՝ իրենց հեղինակային խմբերով։ Բերում են նախնական մի մոդել, որը, եթե չափորոշչային բովանդակությանը, առարկայական ծրագրին, տեխնիկական բաղադրիչներին համապատասխանում է, մնում է գնային քաղաքականությունը՝ թե ով ավելի էժան կվաճառի այդ դասագրքերը։

Բայց սա իր մեջ ունի հսկայական կոռուպցիոն ռիսկեր։ Օրինակ, նախարարի հրամանով վերջերս մի հանձնաժողով ձևավորվեց, որն ուսումնասիրում էր 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի բովանդակությունը։ Երկու դասագիրք է՝ «Զանգակ» և «Մանմար» հրատարակչություններինը։ Երկու դասագրքերում միասին մենք 522 դիտողություն, դիտարկում, վրիպակ ենք գտել։ Այդ փաստաթուղթը կա ու հիմա նախարարությունը կորոշի՝ հրապարակել, թե՝ ոչ։

«Զանգակինը» քիչ թե շատ նորմալ վիճակում էր։ Խայտառակ վիճակում էր «Մանմար» հրատարակչության դասագիրքը։ Չեմ բացի փակագծերը և չեմ ասի, թե այդ հրատարակչության շահերը դեպի ուր են տանում, բայց ակնհայտ էր, որ մրցույթը շահվել է ոչ իրավաչափ ճանապարհով, և մինչ օրս զարմացած եմ՝ ինչու քրեական գործ չի սկսել՝ թե ինչպես է այդ դասագիրքը 5 տարի առաջ մտել դպրոց, ինչ ճանապարհներով։

Հիմա սկսվում են չափորոշչաստեղծ աշխատանքերը և հույս ունենք՝ ունենալու մեկ քայլ առաջ չափորոշիչներ։

-Ուսումնասիրությունը, որի մասին նշեցիք, այս տարվա՞ն է վերաբերում։

-Այս տարվա մասին է խոսքը։ Ինչու՞, որովհետև դասագրքերի 5 տարին լրացել էր, վերահրատարակման խնդիր կար։ Այդ ուսումնասիրությունները արել ենք մարտ-ապրիլ ամիսներին ու մինչև հիմա հապաղում են․ դեռ ինչ-որ բաներ են փոխել, էլի բերել են, ուզում են վերահրատարակել, բայց փոխելը մի կողմ, պետք է պարզել՝ 180 էջանոց դասագիրքը, որի հետ կապված 300-ից ավելի դիտողություն կա՝ սկսած տառային, տեխնիկական վրիպակից, վերջացրած բովանդակային գռեհիկ սխալներով, ի՞նչ հանգամանքներում է մտել դպրոց։ Դա այն դեպքում, երբ 1991-2016թթ․-ը տող առ տող չենք նայել, ասել ենք, որ զրոյից վերաշարադրելու անհրաժեշտություն կա։ Եթե սկսեինք կետ առ կետ նայել, մի դասագրքում 500-ից ավելի դիտողություն կլիներ։

-Չափորոշիչները ի՞նչ ուղղությամբ պետք է փոխվեն, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին։

Չափորոշիչները պետք է փոխվեն ըստ այսօր կրթության մեջ գոյություն ունեցող 5 առաջնահերթությունների, որոնք կապված են կրթության մեջ կիրառելի հմտությունների, ստեղծական, քննադատական մտածողության հետ։

Երկրորդ՝ չափորոշիչները պետք է ունենան չափելի արդյունքներ՝ թե ինչ ենք ուզում արդյունքում։ Չափորոշիչներում պետք է արտացոլված լինեն մեր՝ հատկապես ՄԱԿ-ի շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ «Երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագրի» հետ կապված, որը շատ հստակ արձանագրում է, թե ինչ պահանջներ են ներկայացվում հանրակրթական ծրագրերին։

Այս ամենը պետք է նոր չափորոշիչներով արտացոլված լինի։ Սա մի կողմը և մյուս կողմից՝ չափորոշչահեն կրթությունը պետք է մեկ քայլ առաջ լինի, քան արդի իրավիճակն է, որովհետև աշխարհը շատ արագ փոփոխվում է և հնարավոր չէ նախորդ դարի գիտելիքներով ունենալ հաջորդ դարի պատրաստված սովորող։

-Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործունեության մեջ այդ առումով ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

– Որքանով ես եմ տեղյակ, արդեն աշխատանքային խմբեր ստեղծված են, աշխատում են բնագիտական առարկաների ուղղությամբ, հետևաբար մնում է հասարակագիտական բլոկը, որից դեռ նորություն չկա, և որը պետք է շատ արագ կազմակերպել, որովհետև 2020 թվականին պետք է ունենանք նոր չափանիշներ։

Կրթության մասին 4-րդ հոդվածը ասում է, որ կրթութական քաղաքականությունը կարգավորվում է կրթության զարգացման պետական ծրագրով, որը ընդունվում է Ազգային ժողովի կողմից՝ ամեն 4 տարվա համար։

Վերջին անգամ ընդունվել է 2011-2015 թթ․-ի համար։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Վատն է եղել այդ ծրագիրը, թե լավը, այլ հարց է (իմ կարծիքով վատն է եղել), բայց այն խնդիրները, որոնք դրվել են այդ ծրագրում, եղել են անիրատեսական։ Այսինքն, գրվել են սիրուն բաներ և այդ սիրուն բաները չեն իրագործվել։ Դրա և ոչ միայն դրա համար մենք այսօր հանրակրթության մեջ ունենք, չեմ վարանի ասել, զրոյին մոտ որակ։

Կարծում եմ, որ նախարարությունը, գոնե այս փուլում, նախորդ ժամանակաշրջանի իրավական և քաղաքական բովանդակային գնահատականը պետք է տա, որպեսզի 4 տարի հետո կարողանա ցույց տալ, թե ինչ է արել այս ոլորտում․ շատ հստակ՝ ոլորտը ժառանգել եմ այսպես, կարողացել եմ լուծել այս-այս խնդիրները։

Պետք է խնդիրների քարտեզագրում, ինչը, կարծում եմ, անում են, պետք են նոր մոտեցումներ․ ենթադրում եմ, որ դա էլ են անում, բայց հապաղում են։ Մյուս կողմից՝ չպետք է մոռանանք, որ կրթությունը շատ զգայուն ոլորտ է, հետևաբար պետք է զգուշավոր լինել կրթության հարցերում․ ամենաշատ շահառուներ ունեցող ոլորտներից մեկն է ՝ հարնակրթության մեջ 380 հազար շահառու սովորող, ինչպես նաև նրանց ծնողները, իսկ բուհական կրթության մեջ՝ 150 հազարից ավելի շահառու։

-Ամփոփելով՝ դասագրքերի ուսումնասիրության արդյունքում չափորոշչային ի՞նչ կոնկրետ, առանձին խնդիրներ կնշեք։

-Ամեն ինչ խնդիր է՝ սկսած թղթի որակից, մատուցման ձևից, տեքստի շարվածքից, մանկավարժական մոտեցումներից, առաջադրանքներից, որոնք չկան։ Բերեմ «Հայոց պատմություն» դասագրքի օրինակը․ կա «Հարցեր և առաջադրանքներ» բաժինը, որտեղ չկա առաջադրանք, այլ անգիրի վրա հիմնված ինչ-որ հարցեր են, ենթադրենք՝ ինչ էր Վարդան Մամիկոնյանի ձիու անունը։ Դրանով դու չես ունենում զարգացած, մտածող, քննադատող, ստեղծագործող քաղաքացի․ դրանով ունենում ես ընդամենը անգիր ինչ-որ բաներ հիշող մարդ, որը չունի կիրառելի հմտություններ։

Ցանկացած խնդիր, որ դնում ենք, պետք է հասկանանք՝ որտեղ է սա կիրառվելու։ Շատ լավ, իհարկե թող իմանան Պապ թագավորի կամ Արտաշեսի մասին․ դա իրենց ազգային ինքնության մի մասն է։ Բայց եթե աշակերտը գիտի Պապի կամ Արտաշեսի մասին, բայց չգիտի նրանց արած ռեֆորմները և թե որտեղ, ինչ հանգամանքներում կարելի է պրոյեկտել, կիրառել այդ գիտելիքները, ուրեմն մենք արդեն ձախողել ենք։ Իսկ մեր կրթությունն այսօր մեծ հաշվով կիրառելի հմտությունների զարգացմանն ուղղված չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն