Թուրքիայի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան Մինսկի խմբի համանախագահության կոչերին․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․

«Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորում։ 

Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են:

Հատկանշական է, որ Ադրբեջանը գնում է հետագա սրացման մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է  Ադրբեջանի այս  գործողությունները և գնահատում դրանք՝ որպես հակամարտության հետագա սրացման քայլ։ Թուրքիայի հրահրմամբ և ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին:

Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն