hetq.am: «Ռազմական դրության ռեժիմի մասին» օրենքով նշված է, որ խոսքի ազատությունը ռազմական դրության իրավիճակում կարող է սահմանափակվել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` խոսելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների մասին: Հիշեցնենք, որ ըստ նախագծի` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 700 հազարից մինչև մեկ միլիոն դրամ:
«Սրա նպատակը խուճապ չառաջացնելն է` որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ… նման տեղեկությունների չտարածումն է, կանխարգելումը: Իսկ տուգանքների չափն ընտրված է՝ համեմատություն ունենալով Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու սանկցիաները: Առաջին իսկ օրվանից Կառավարությունը թափանցիկ գործելաոճ է ընտրել, առաջին իսկ օրվանից խնդրել ենք բացառապես պաշտոնական լրահոսից օգտվել, չճշտված տեղեկություններ չտարածել»,- ասաց նախարարը:
Բադասյանի խոսքով` խուճապային տրամադրություններ հաղորդող բազմաթիվ հրապարակումներ են եղել, հետևաբար այդ ամենը չպիտի թողնել ինքնահոս վիճակում:
Ռուստամ Բադասյանը հերյուրանքներ որակեց այն տեղեկությունները, թե ինքը Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակի` Բաց հասարակության հիմնադրամից երբևէ որևէ դրամաշնորհ է ստացել կամ որևէ առնչություն ունի գրասենյակի հետ: Նախարարն ընդգծեց` չի ցանկանում որևէ հասարակական կազմակերպության հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնել, սակայն ընդգծեց` տականքներ են բոլոր նրանք, ովքեր իր անունը շրջանառում են այդ գրասենյակի անվան հետ:
Շարունակությունը՝ hetq.am-ում