2021 թ․ հարկաբյուջետային քաղաքականության առանցքային ուղենիշը պետբյուջեի պակասուրդի նվազեցման և միջնաժամկետում Կառավարության պարտքի կրճատման համար պայմանների ապահովումն է. ԿԲ նախագահ |tert.am|

tert.am: 2020 թվականի տարեսկզբին սպասվում էր բյուջեի 2.3 տոկոս պակասուրդ, իսկ արդեն համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ: Սա չի ներառում ռազմական դրությամբ պայմանավորված փոփոխությունները: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ընթացքում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

Նա ընդգծեց՝ Կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավական մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին. «Դրանց համաձայն՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը»,-նշեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ համաձայն պետական բյուջեի հիմքում դրված սցենարի՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճով։

 

«Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե՛ ներքին սպառողական, թե՛ ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Ընդ որում, գնահատականների համաձայն՝ ներդրումների աճը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր ներդրումներով»:

Ըստ Գալստյանի՝ 2020-ի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021-ի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով:

«Հարկ է, սակայն, նշել, որ ինչպես համավարակի և ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020-ի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ կդիտվի ներուժային համախառն արդյունքի որոշակի կորուստ»,-ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ, հետևաբար, 2021-ի համար կարևորում են ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովում:

Ըստ ԿԲ նախագահի՝ ՀՀ տնտեսության վերականգնման պայմաններում 2021-ի հարկաբյուջետային քաղաքականության առանցքային ուղենիշը պետական բյուջեի պակասուրդի նվազեցման և միջնմաժամկետում ՀՀ կառավարության պարտքի կրճատման համար պայմանների ապահովումն է:

«Տնտեսության վերականգնումը չխաթարելու և մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021-ին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում՝ ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը։ Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,-ասաց Մարտին Գալստյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով