shantnews.am: Բուժօգնության դիմող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, հիվանդների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների բացառում, հետազոտությունների, նշանակումների վերաբերյալ ճիշտ ցուցումներ: Այսպիսի արդյունքների ակնկալիքով հանրապետությունում 9 տարի առաջ ներդրվեց էլեկտրոնային առողջապահության համակարգը, բայց չունեցավ այն արդյունքը, ինչին սպասում էին։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոնիթորինգ է անցկացրել հանրապետության 50 բուժհաստատություններում: Արդյունքներն այսօր քննարկվել են բուժհաստատությունների բժիշկների ու տնտեսագետների հետ։
Էլեկտրոնային առողջապահության ծրագիրը թույլ էր տալու հետևել հիվանդների օպտիմալ բուժմանը, բացառել կրկնակի բուժումները` վերահսկելով նշանակումների ճշգրտությունը։ Բայց ծրագիրը թերի է աշխատում, բուժաշխատողներն ու օպերատորները, որպես դրական փոփոխություն, շատ ասելիք չունեն։ Կրկնակի գրանցումներ չեն լինում, մահացածների անուններն են դուրս բերում, իսկ հիվանդի տեղաշարժին այլ հիվանդանոցներ առաջ հետևում էին, հիմա՝ ոչ, ծրագիրը թույլ չի տալիս։
Ըստ առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփուրյանի` չունենք այն արդյունքները, որոնք ծրագիրը պետք է տար, բուժհաստատությունների տեխնիկական ապահովվածությունը թերի է համակարգիչների տեսանկյունից, մարդկային ռեսուրսներն էլ չեն բավարարում։
Թղթե դեղատոմսերից անցում էլեկտրոնայինին։ Սա ևս ծրագրի առավելություններից մեկն էր դիտվում, բայց այն չի իրագործվում: Բուժհաստատությունները հարկադրված դեղատոմսեր գրում են թղթի վրա հիվանդի համար, իսկ էլեկտրոնային տարբերակով` հաշվետվության: Պատճառը դեղատների միասնական էլեկտրոնային համակարգին միացված չլինելն է: Էլեկտրոնային առողջապահության ծրագիրը թերի է նաև նրանով, որ չեն կարողանում քաղաքացիների անձնական տվյալները լիարժեք մուտքագրել, քանի որ նրանց հասցեները չկան:
Ծրագրի օպերատորին՝ «Արմետ» ծառայությանն ուղղված բուժհաստատությունների հեռախոսազանգերը երբեմն լինում են անօգուտ։ Անձնական տվյալները ծրագրի բազա պետք է մուտքագրվեն այցելուի գիտությամբ, ինչը հաճախ անտեսվում է, ինչպես նաև բժշկական գաղտնիության հանգամանքը։
Բուժհաստատությունների աշխատողների կարծիք-առաջարկներն ու դիտողությունները տեղ կգտնեն մոնիթորինգի զեկույցում և օրենսդրական նոր փաթեթ ունենալու ակնկալիքով կներկայացվեն առողջապահության նախարարություն, իսկ էլեկտրոնային առողջապահական ծրագրի ֆինանսավորման հարցերը հաջորդ տարվանից հոգալու է ոչ թե պետությունը, այլ առողջապահական հաստատությունը:
Այն տարեկան մոտ 1 մլն դրամ է կազմելու։