ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը։
«Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» իշխող կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։