Պատերազմում զոհվել է ԱԱԾ ՍԶ 46, վիրավորվել՝ 191 զինծառայող․ 2-ի գտնվելու վայրն անհայտ է

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը:

Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանության վեհ գործին:

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է:

Հավերժ փառքի, գնահատանքի ու մեծարումի արժանի բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, և արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու և սատարելու հարցերում, որի ուղղությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս իր խոնարհումն է բերում բոլոր հերոսացած ծառայակիցների հիշատակին, շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավոր գործընկերներին և կրկին ընդգծում, որ նրանց անուններն այլևս իրենց հաստատուն տեղն ունեն համակարգի նշանակալի պատմության փառահեղ էջերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով