Ամփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները

Հունիսի 27-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վրացական կողմից` Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին նիստի կազմակերպման, բովանդակալից քննարկումների և արդյունավետ աշխատանքի համար` փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ կարևոր այս միջոցառումը սահմանել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղենիշները՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կողմերը կկարողանան այս գործընթացին հաղորդել հետևողական և համակարգված բնույթ։

Տիգրան Ավինյանն ընդգծել է փոխվստահության մթնոլորտը, որը տիրում էր նիստի աշխատանքների ողջ ընթացքում՝ նշելով, որ հանձնաժողովի անդամների և փորձագետների միջև ձևավորված փոխհարաբերությունների այսպիսի բնույթը ևս նպաստում է ցանկացած հարցերի ու խնդիրների վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշումների՝ առավել արագ և արդյունավետ մշակմանը։ Միաժամանակ, նա ավելացրել է, որ շատ կարևոր է պահպանել այս տեմպը և առաջ շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունների արագ կյանքի կոչման ուղղությամբ, ինչին բնականաբար սպասում են հայ և վրաց ժողովուրդները:

Նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր։

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրության մեջ արտացոլված են երկու կառավարությունների այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ հիմք կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով