Ես` Կարեն Սարուխանյանս, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, չեմ պատրաստվում որևէ ֆորմատով, որևէ քննարկման մասնակցել իմ երկիրը տարիներով քանդած, նախկին կոռումպացված և ազգադավ իշխանությունների և նրանց մնացորդների հետ։ Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ, իմ քաղաքական թիմին տվել է վստահության քվե ոչ թե նախկինների հետ հանդիպման և որևէ հարցի քննարկման համար, այլ այն պայմանով, որ երբևէ թույլ չենք տալու նախկինների վերադարձը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ այսօր էլ խնդրում է, որ միջոցներ ձեռնարկենք պատժելու համար այն քաղաքական գործիչներին և գործիքներին, ովքեր այսօր բեմահարթակում բռնության կոչեր են հնչեցնում իրենց կողմից ընտրած իշխանության և քաղաքական ուժի հասցեին։
Հետևաբար՝ ես, որպես հանրության կողմից գործուղված անհատ, պարտավոր եմ ի կատար ածել նրանց ցանկությունն ու պատգամը»,- ընդգծել է Սարուխանյանը։
«Թավի ՞շ…
ՉԻ ՜ լինելու»,- ավելացրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը ժամեր առաջ հայտնել է, որ մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ իրենց շարժման ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։