hetq.am: Իրանում երեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, սկսվել են կորոնավիրուսի տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա։ Այդ մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։ Վերջինիս տվյալներով՝ փորձարկումներն իրականացվում են Թեհրանում։ Փորձարկումների առաջին փուլի ընթացքում կպատվաստվի 56 կամավոր։ Ընդհանուր առմամբ, պատվաստումների փորձարկումներին մասնակցելու հայտ է ներկայացրել 60 000 մարդ։
Ավելի վաղ, Իրանի իմունաբանության և ալերգաբանության ինստիտուտի ղեկավար Մոհամմադ Վոժգանին հայտնել էր, որ Իրանն ունի գիտական անհրաժեշտ ներուժը՝ երկրում կորոնավիրուսի սեփական պատվաստանյութ մշակելու և արտադրելու համար։ Նրա խոսքերով՝ պատվաստանյութի վրա աշխատում են իրանական երեք հետազոտական կենտրոններ, որոնցից մեկը հաջողությամբ ավարտել է փորձարկումները կենդանիների վրա։
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման մասին։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին էլ հայտարարել էր Իրանի մեջլիսի փոխխոսնակ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին՝ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։