ԱՄՆ իշխանությունները 55 մարդու մեղադրանք են առաջադրել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար |tert.am|

tert.am: ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 55 անձի՝ կապված չորեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի Մետրոպոլիտեն շրջանի փաստաբանի պաշտոնակատար Մայքլ Շերվիին:

Գործակալության տվյալներով, կասկածյալների մեծ մասը մեղադրվում է ապօրինի մուտքի և հարձակման համար, բայց մեղադրվողների մեջ կան նաև մեկ օր առաջ` Կապիտոլիումի մոտ կիսաավտոմատ հրացաններ կրելու համար ձերբակալված մարդիկ:

Շերվինն ընդգծել է, որ ապագայում նախատեսում են այլ մեղադրանքներ առաջադրել. «Սա լավ սկիզբ է, բայց ոչ մի դեպքում ավարտ»,- ասել է նա:

Իր հերթին, Associated Press-ը գրել է, որ, ըստ Շերվինի, իշխանությունները ծրագրում են միայն դաշնային մակարդակով 15 գործ հարուցել: Եվս 40 գործ արդեն հարուցվել է Վաշինգտոնում՝ տեղական մակարդակով: Ըստ լրատվականի, Շերվինը շեշտել է, որ խռովարարների դեմ մեղադրանք առաջադրելու հարցում  քննարկվում են բոլոր տարբերակները: Ըստ Reuters լրատվական գործակալության, իշխանությունները չեն բացառում, որ կասկածյալներից մեկը մեղադրվի դավադրության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն