«Նախարարի հրամանով՝ ձեւավորվել է երիտասարդության ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են երիտասարդության ոլորտի ակտիվ դերակատարներ. բացի ֆորմալ զեկույցներ ընթերցելուց, կկազմակերպվեն նաեւ հանրային լայն քննարկումներ, որը ինքնին կդառնա կարիքների գնահատման մի նոր ձեւաչափ»,- այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Հատկապես մարզերում ունենք մեծ խնդիր, որը վերաբերում է երիտասարդների՝ հանրային կյանքի տարբեր ոլորտներին մասնակցության մեխանիզմների կատարելագործմանը եւ հնարավորությունների ընդլայնմանը: Կուսումնասիրենք եւ կիմանաք մարզային ու երեւանյան երիտասարդության առանձնահատկությունները: Պետության մոտեցումն այստեղ այն է, որ երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի՝ երիտասարդների ձանը լսելով եւ երիտասարդական կառույցների կողմից»,- նշեց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ այս տարի ԿԳՄՍ նախարարությունը պետք է բացի երկու երիտասարդական կենտրոն:
«Հիմա փորձում ենք վերաիմաստավորել մարզային կենտրոնների գործունեությունը եւ մտածում ենք տանել այնպիսի քաղաքականություն, որ ոչ թե միայն լինեն պետական ծրագրով բացվող կենտրոններ, այլ տանք մեթոդական ուղեցույց, թե ինչպես պետք է աշխատեն, հստակեցնենք այդ կենտրոնների նպատակները, որը կօգնի նաեւ երիտասարդական հասարակական կազմակերպություններին, որպեսզի այս տրամաբանությամբ նրանք կենտրոններ բացեն ու աշխատեն: Այս գործընթացում շատ կարեւոր է նաեւ ՏԻՄ-երի մասնակցությունը, որովհետեւ ի վերջո իրենք են առաջնային պատասխանատուն իրենց համայնքի զարգացման համար, եւ երիտասարդներին այս իմաստով պետք է աջակցել», – խոսքը եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը։