Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Այս մասին ասաց Գալստյանի պաշտպաններից Արմեն Հարությունյանը։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 24-ին։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության,  էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Հաղորդագրության մեջ նշված Ա․Բ․-ն Արմեն Բաղդասարյանն է։ Վերջինս և Դավիթ Գալստյանը կալանավորվել են փետտրվարի 2-ին, և նրանց պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումները։ Արմեն Բաղդասարյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին։ Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բաղդասարյանի խափանման միջոցի գործով դեռևս որոշում չի կայացվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով